Տպել
17.06.2014
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները հանդիպեցին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ
1 / 1

Հունիսի 17-ին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին հանդիպեցին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը: Հանդիպմանը ներկա էր ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ թեեւ պատվիրակության կազմում, ինչպես պահանջում է կանոնակարգը, ընդգրկված են քաղաքական տարբեր ուղղություններ ներկայացնող պատգամավորներ, այնուամենայնիվ ընդհանուր աշխատանքը հաջողությամբ է իրականացվում: Նա նկատեց, որ եվրոպական արժեքները հոգեհարազատ եւ ընկալելի են հայ ժողովրդին, ուստի չկա որեւէ խոչընդոտ՝ եվրոպացի գործընկերների հետ իրականացնելու համատեղ աշխատանքը: Սակայն, ինչպես նշեց նա, որոշ պատվիրակներ փորձում են եվրոպական հարթակն օգտագործել այլ նպատակներով՝ տարածելով եւ սերմանելով անհանդուրժողականություն եւ այլատյացություն: Երկրորդելով գործընկերոջը՝ Արփինե Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է, որպեսզի Եվրոպան մի պահ կանգ առնի եւ կատարի արժեքների վերարժեւորում՝ պարզելու, թե ուր է գնում, եւ գործադրի ջանքեր, որոնք կբացառեն անհանդուժողականության ու այլատյացության դրսեւորումները:

Մհեր Շահգելդյանն իր խոսքում անդրադարձավ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման փաստերին՝ որպես հետեւանք նշելով հայ զինվորների մահվան դեպքերը:

Լեւոն Զուրաբյանը մատնանշեց երկրում առկա խնդիրները, որոնք առնչվում են մարդու իրավունքներին եւ ազատություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս, երկուստեք կարեւորվեց Հայաստան - ԵԽ համագործակցության հետագա զարգացումը: