Տպել
18.06.2014
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակության այցը Չեխիա
1 / 7

Հունիսի 16-18-ը Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կարել Շվարցենբերգի հրավերով աշխատանքային այցով Պրահայում էր գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին հանձնաժողովի անդամներ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը:

Հայ խորհրդարանականները հանդիպումներ ունեցան Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի նախագահ պարոն Յան Համաչեկի, ինչպես նաեւ Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: Աշխատանքային հանդիպումներ տեղի ունեցան խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կառլ Շվարցենբերգի եւ հանձնաժողովի անդամների հետ, որտեղ քննարկվեց խորհրդարանական համագործակցությանն առընչվող մի շարք խնդիրներ: Խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վանյայի եւ հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում առկա իրավիճակի, Հայաստանի անվտանգության քաղաքականության, եւ այդ ուղղությամբ գործընկերության խնդիրները: Հանդիպում տեղի ունեցավ նաեւ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամների հետ՝ խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի ղեկավարությամբ:

Հանդիպումներ եղան նաեւ Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հինեք Կմոնիչեկի եւ Չեխիայի փոխարտգործնախարար Կարել Բորուվկայի հետ:

Պատվիրակությունն այցելեց «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայան, ուր պատգամավորները մասնակցեցին հայկական ծառայության կողմից կազմակերպված քննարկմանը: Հայ խորհրդարանականները մասնակցեցին նաեւ Պրահայում Երուսաղեմի օրերի բացման արարողությանը:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համգործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանին վերաբերող խնդիրներ:

Հայ պատգամավորները բարձր գնահատեցին չեխական կողմի հավասարակշված մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ` մասնավորապես ընդգծելով չեխ գործընկերների այն համոզմունքը, որ հարցը պետք է կարգավորվի միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Հայկական կողմը մտահոգություն հայտնեց վերջին շրջանում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ակտիվացման եւ հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դեպքերի առնչությամբ` նշելով, որ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանի զինված ուժերը եւ ԼՂՀ պաշտպանական բանակը պատրաստ են արժանի հակահարված տալ հակառակորդին:

Հայկական պատվիրակությունը մանրամասն տեղեկություններ ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին` նշելով, որ 2009թ. ցյուրիխյան արձանագրությունները վիժեցվել են Թուրքիայի ղեկավարության կողմից:

Անդրադառնալով Հայաստանի մասնակի շրջափակմանը` կողմերը համակարծիք էին, որ 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն:

Հանդիպումների ժամանակ երկուստեք շեշտվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` նաեւ հաշվի առնելով նոր իրողությունները, մասնավորապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը, որը կարող է բավականին հեռանկարային լինել տնտեսական առումով:

Չեխ պաշտոնյաները նշեցին, որ ուշադրությամբ հետեւում են Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների, քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացներին եւ կարող են փաստել դրանց դրական արդյունքները: Միաժամանակ նրանք ողջունեցին հայկական կողմի վճռականությունը` շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները երկրում եւ պատրաստակամություն հայտնեցին կիսելու այս բնագավառի չեխական ոչ վաղ անցյալի հարուստ փորձը:

Պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը պատգամավորների պալատի ղեկավար Յան Համաչեկին հանձնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ Հայաստան այցելելու հրավերը, որը սիրով ընդունվեց:



18.06.2014
Ազգային ժողովը սկսեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունիսի 17-ին վախճանված «Ղարաբաղ» կոմիտեի ա...

18.06.2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց զոհված զինվորների մայրերի հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-ին հանդիպեց զոհված զինվորների մայրերի հետ: Հանդիպումը կայացավ զոհված զինվորների մայրերի նախաձեռնությամբ: Նրանք ներկայացրին իրենց սոցիալական դժվարությունները, որոնք, ըստ մայրերի, պայմանավորված են օրենքով տրված արտոնությունների ոչ բավարար լինելո...

18.06.2014
Հունիսի 18-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...