Տպել
06.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
1 / 7

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր: Հայ խորհրդարանականները շրջայց կատարեցին 2013թ. սեպտեմբերին բացված եկեղեցական համալիրում:

Այնուհետեւ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի, ՌԴ-ում հավատարմագրված ՀՀ պետական կառույցների, ինչպես նաեւ հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնավորապես ասաց. «Շատ ուրախ եմ գտնվել այս հրաշալի հոգեւոր կենտրոնում ու ձեր միջավայրում եւ ուզում եմ փոխանցել ջերմ ողջույններ Հայաստանից: Մենք հարգանքով ենք վերաբերվում ձեր գործունեությանը, որովհետեւ զգում ենք ձեր հոգեւոր ու մարդկային կապը հայրենիքի հետ, որովհետեւ վստահ ենք, որ անկախ գտնվելու վայրից ձեզանից յուրաքանչյուրը հետաքրքրված է Հայաստանով, նրա հաջողություններով եւ խնդիրներով, ոչ միայն հետաքրքրված է, այլեւ պատրաստ է դառնալ այդ հաջողությունների անմիջական կերտողն ու խնդիրների լուծման անմիջական մասնակիցը: Որովհետեւ հայրենիքն ինքն էլ ուրախանում է իր աշխարհասփյուռ զավակների հաջողություններով եւ մտահոգվում նրանց խնդիրներով` միաժամանակ պատրաստ լինելով նպաստել դրանց կարգավորմանը»: Նրա խոսքով` Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին եւ եկեղեցական համալիրը` որպես նյութեղեն պատմություն, թեեւ մեկ տարեկան էլ չկան, բայց իրենց մեջ ամփոփում են մեր բազմադարյա հոգեւոր պատմությունը, նաեւ վկայում են հինավուրց ու խոր արմատների մասին, որ հայերն ունեն բարեկամ երկրում: «Համոզված եմ, որ Եվրասիական միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալով՝ երկկողմ հարաբերությունների մակարդակը ավելի կբարձրանա, ավելի կխորանան ինտեգրացիոն գործընթացները: Նաեւ վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնություն իմ պաշտոնական այցը իր դրական դերը կունենա փոխշահավետ համագործակցության ընդլայնման առումով՝ մի անգամ եւս փաստելով երկու երկրների միջեւ առկա ռազմավարական գործընկերային հարաբերությունները»,-նշեց ԱԺ նախագահը: Գալուստ Սահակյանի համոզմամբ` այդ հարաբերությունների առաջընթաց զարգացումը ամրապնդում է վստահությունը հետագա ավելի ընդգրկուն ծրագրերի իրականացման եւ հնարավորությունների նկատմամբ, եւ դրանում մեծ է նաեւ հայ համայնքի դերն ու ներդրումը: «Պատահական չէ, որ դուք Ռուսաստանում համարվում եք ճանաչում եւ հեղինակություն ունեցող, հավատարիմ, խելացի եւ ստեղծարար, օրինապաշտ ու լիիրավ քաղաքացիներ: Համոզված եմ, որ ձեր ավանդապաշտությամբ ու օրինապաշտությամբ, երկու երկրների շահերի խոր գիտակցումով, այս հրաշալի հոգեւոր տան բարձր հովանու ներքո այսուհետ եւս կշարունակեք մասնակցել Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական հարաբերությունների պատմության նորովի կերտմանը»,-ասաց խորհրդարանի ղեկավարը:

«Հայրենիքի շենացումը մեր ընդհանուր գործն է, որում բոլորիս ջանքերն ու էներգիան մշտապես պահանջված են: Այդ ամենի համատեղումը կարեւոր գործոն է Հայաստանի փայլուն ապագայի ապահովման համար: Համոզված եմ, որ Հայաստանի ճակատագրի հանդեպ ընդհանուր պատասխանատվության գիտակցումը մեզ կօգնի ավելի բացահայտել մեր միասնական հայրենիքի ներուժը եւ կառուցել ավելի ապահով ու ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռանկյունին: Մենք կարո՛ղ ենք եւ պարտավո՛ր ենք կերտել այդպիսի Հայաստան, մենք պարտավո՛ր ենք եւ կարո՛ղ ենք ամուր պահել այդ եռանկյունին՝ անկախ մեր գտնվելու վայրից»,-նշեց Գալուստ Սահակյանը:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը եւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, բարձր գնահատելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստան, նշեցին, որ այն ոչ միայն նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական կապերին, այլեւ ավելի կամրապնդի եւ կխորացնի միջպետական հարաբերությունները:



18.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա եւ Հայաստան-ԵՄ հա...

18.06.2024
Պատգամավորներին ներկայացվել է ՀՀ զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարության նախագիծը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) աջակցությամբ հունիսի 18-ին պատգամավորների համար կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագծի քննարկմանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտակա...

18.06.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության...

18.06.2024
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը հունիսի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ավստրիացի խորհրդարանականը ծաղիկներ...

18.06.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեման:...