Տպել
15.07.2014
Հայաստան- Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ասուլիսը
1 / 3

Հուլիսի 15-ին Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Թեւան Պողոսյանը, խմբի անդամներ Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Միքայել Մելքումյանը, Արծվիկ Մինասյանը եւ Լեւոն Դոխոլյանը մանրամասներ ներկայացրին հուլիսի 6-12-ը Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի նախագահ Էլիսթեր Բերթի հրավերով Լոնդոն կատարած այցի վերաբերյալ:

Պատվիրակության անդամները տեղեկացրին, որ այցի ընթացքում խորհրդարանի քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող պատգամավորներն աշխատել են համագործակցության սկզբունքով եւ կատարված աշխատանքը գնահատում են արդյունավետ:

Բրիտանացի գործընկերների հետ հանդիպումների եւ քննարկումների առանցքում եղել են մի խումբ հարցեր, որոնք առնչվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Քննարկվել են երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններին, կրթության ոլորտին, հայագիտությանն ու հայապահպանությանը վերաբերող հարցեր:

ԱԺ բարեկամական խմբի անդամները հանդիպումներ են ունեցել բրիտանացի գործընկերների հետ, ուսումնասիրել բրիտանական պառլամենտարիզմի անցած ուղին եւ սկզբունքները: Քննարկումների արդյունքում նախնական պայմանավորվածություններ են կայացվել իրականացնելու որոշակի ծրագրեր մի շարք ոլորտներում:

Պատվիրակության անդամների կարծիքով, Մեծ Բրիտանիա կատարած այս այցն առանձնանում է նրանով, որ տարբեր հանդիպումների ընթացքում կայացած քննարկումները որոշակիացել են եւ կյանքի կկոչվեն տարբեր ծրագրերի տեսքով: Կարինե Աճեմյանը նկատեց, որ ԱԺ պատվիրակությունն աշխատել է արդյունավետ եւ իրականացրել իր առջեւ դրված խնդիրները: Նրա խոսքով`  հայ խորհրդարանականները բազմաթիվ կարեւոր հանդիպումներ են ունեցել եւ բրիտանական խորհրդարանի ղեկավարության եւ այլ կառույցներում, նշելով, որ հանդիպումների  ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը վերաբերող հարցեր, եւ Հայաստանի պատվիրակությունը բոլոր բարձրացված հարցերին տվել է հիմնավոր եւ սպառիչ պատասխաններ: Մասնավորապես, Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ նախատեսվում է իրականացնել «Կանայք հանուն խաղաղության» անվանումը կրող ծրագիր, Թեւան Պողոսյանն էլ տեղեկացրեց Օքսֆորդի համալսարանում հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել աշնանը երեք ամսով այնտեղ կազմակերպել հայկական ձեռագրերի ցուցադրություն: Միքայել Մելքումյանը եւ Լեւոն Դոխոլյանը կարեւորեցին առեւտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ տեղի ունեցած քննարկումները. հայ եւ բրիտանացի գործընկերները համաձայնել են, որ այդ ոլորտում կա չօգտագործված ներուժ եւ անհրաժեշտ է ակտիվացնել առեւտրատնտեսական հարաբերությունները: Այս ոլորտին առնչվող հարցերի թվում տեղ է գտել նաեւ բրիտանական ավիաուղիների վերագործարկման հարցը: Լյուդմիլա Սարգսյանը կարեւորեց նման փոխայցերը եւ ներկայացրեց բրիտանական պառլամենտարիզմի որոշ սկզբունքներ:  Պատվիրակության անդամների խոսքում գերակշռում էր այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է սերտացնել հայ-բրիտանական բազմաբնույթ կապերն ու հարաբերությունները:

Պատվիրակության անդամները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին: