Տպել
02.10.2014
Գրքի շնորհանդես խորհրդարանում
1 / 8

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Սերգեյ Առաքելյանի «Հովհաննես Չեքիջյան» գրքի շնորհանդեսը: Ազգային ժողովում ներկայացվող գիրքը հեղինակի՝ 14-րդ մենագրությունն է՝ Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական 85-ամյակին ընդառաջ: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, արվեստի գործիչներ:

Հովհաննես Չեքիջյանի եւ գրքի մասին խոսեցին նրա ընկերները եւ արվեստի երկրպագուները: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը ներկայացրել է Չեքիջյանին՝ որպես հայրենիքին բույր ու գույն տվող արվեստագետի՝ նշելով. «Չեքիջյանը դարի ճակատը զարդարող անուներից մեկն է»:

Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել գրքի հրատարակմանն աջակցած մարդկանց՝ նշելով, որ հպարտանում է Հովհաննես Չեքիջյանի ժամանակակիցը լինելով եւ տարիներ շարունակ հիացմունքով է հետեւում նրա ղեկավարած երգչախմբի հաղթարշավին ամբողջ աշխարհում: Արվեստի գործիչներին նվիրված մենագրությունների հեղինակը պատմել է, թե երբ առաջարկ է ստացել գրելու այս մենագրությունը, հրաժարվել է: Ինչպես նշել է Սերգեյ Առաքելյանը. «Հովհաննես Չեքիջյանը մեծ նավ է՝ պատրաստ մեծ նավարկության»: Այնուհետեւ համաձայնել է եւ ձեռնամուխ եղել մենագրության ստեղծմանը՝ օգտագործելով բազմավաստակ խմբավարի հարուստ արխիվը:

Այնուհետեւ Հովհաննես Չեքիջյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, մենագրության հեղինակին եւ շնորհանդեսի մասնակիցներին: