Տպել
30.10.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամներ Արտաշես Գեղամյանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը հանդիպել են Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, կարեւորվել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, տնտեսական գործակցության զարգացումը հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանն անհրաժեշտ է համարել զարգացնել հայ-ղազախական խորհրդարանական հարաբերություններն՝ ընդգծելով, որ երկու երկրներն էլ տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցությունն ակտիվացնելու մեծ հնարավորություններ ունեն, որոնք միայն համատեղ ջանքերով է հնարավոր իրականացնել:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ խազախական կողմը նույնպես կարեւորել է Հայաստանի եւ Ղազախստանի ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային կառույցներում համագործակցության զարգացումը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները կարեւորել են միջխորհրդարանական կապերի խորացումը, հաճախակի փոխայցերը, մի շարք ոլորտներում փորձի փոխանակումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, խոսել Ղազախստանում հայկական համայնքի գործունեությունից:

Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին հրավիրել է Ղազախստանի խորհրդարան: