Տպել
12.11.2014
Ավարտվել է «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսների շարքը
1 / 13

Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստերին կից սրահում տեղի է ունեցել «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսի ամփոփիչ փուլը: Նշենք, որ Ազգային ժողովի նախաձեռնած ցուցահանդեսների շարքն անցկացվել էր հանրապետության տարբեր մարզերում եւ Արցախում՝ արժանանալով արվեստասեր ու շնորհալի երիտասարդների ուշադրությանը: Եվ այժմ Ազգային ժողովում ցուցադրվում են այն ստեղծագործությունները, որոնք, արժանանալով ժյուրիի բարձր գնահատականին, իրենց տեղն են գտել խորհրդարանում: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, հանդիպելով ցուցահանդեսի մասնակիցների հետ, շնորհավորել է նրանց ցուցահանդեսին մասնակցելու եւ հանրապետական փուլ անցնելու առթիվ:

Այնուհետեւ մեծ շուքով բացվել է «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսի ամփոփիչ փուլը: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, նկարիչներ: Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ յոթ ամիս առաջ սկսված ծրագիրը մոտենում է ավարտին: Կազմակերպիչների նպատակն է եղել Սերգեյ Փարաջանով արվեստագետի, ազատամիտ քաղաքացու արվեստը, ուղերձները հասցնել երիտասարդներին, խթանել նրանց ստեղծագործական ներուժը: Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են հանրապետության տարբեր մարզերում, Արցախում եւ Երեւանում ցուցահանդեսների կազմակերպմանը:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ով ամիսներ շարունակ թանգարանի դռները բացել է ցուցահանդեսի մասնակիցների առջեւ՝ ծանոթացնելով երեխաներին մեծ արվեստագետի ստեղծագործությանը, իր խոսքում նշել է, որ երեխաներին բնորոշ է համարձակությունն արվեստում: Նրանք լիովին զգացել եւ արտացոլել են իրենց գործերում Փարաջանովի արվեստի բազմազանությունը:

Շուշան Պետրոսյանը, անդրադառնալով երեխաների աշխատանքներին, նշել է, որ ամենաանկեղծ նկարչությունը երեխաների ձեռքով է ստեղծվում, եւ Փարաջանովի արվեստի ամենամեծ ուժն անկեղծության մեջ է: Նա նշել է, որ ցուցադրվածների մեջ գործեր կան, որոնց հեղինակներն ապագայում աշխարհին պիտի ներկայացնեն հայ մշակույթը:

Կարինե Աճեմյանը, ով ամիսներ շարունակ դիտել եւ ընտրել է ցուցահանդեսի մասնակիցների աշխատանքները, նշել է, որ այսօր ամփոփվում է մի հրաշալի ծրագիր, որն օգնել է հանրապետության տարբեր բնակավայրերի եւ Արցախի երեխաներին բացահայտելու իրենց մտքի թռիչքը, ստեղծագործական ձիրքը: Պատգամավորի խոսքով՝ բոլոր աշխատանքներն են յուրովի հետաքրքիր եւ արժեքավոր:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ամփոփելով միջոցառումը, շնորհավորել է երեխաներին, նրանց ուսուցիչներին եւ կազմակերպիչներին՝ նշելով, որ ծրագրի իրականացման գաղափարը ծնվել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի օրոք: Նա կարեւորել է ցուցահանդեսի ամփոփումն Ազգային ժողովում՝ համարելով, որ այսպիսով հարգանքի տուրք է մատուցվում մեծ արվեստագետի հիշատակին:

Այնուհետեւ Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերի, Արցախի եւ Երեւանի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: Հատուկ մրցանակներ ստացել են Ռաֆայել Չտչյանը, Անի Խաչատրյանը եւ Ամալյա Ստեփանյանը:

Առաջին մրցանակի է արժանացել Արթուր Ասատրյանը Արցախից, երկրորդ մրցանակի՝ Աննա Սմբատյանը Երեւանից, իսկ երրորդ մրցանակ ստացել է տավուշցի Անի Ղոչիկյանը:

ԱԺ անվանական ժամացույցներ եւ շնորհակալագրեր են հանձնվել նաեւ  մրցանակներ ստացած երեխաների ուսուցիչներին: Ցուցահանդեսների շարքի կազմակերպիչ Մարինե Հակոբյանը նշել է, որ երեխաների աշխատանքները շուրջ մեկ ամիս կցուցադրվեն Ազգային ժողովում:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...