Տպել
14.11.2014
Խորհրդարանական լսումներ ՀՀ Ազգային ժողովում
1 / 3

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Կիբեռանվտանգության հիմնախնդիրները ՀՀ-ում. սպառնալիքներ եւ մարտահրավերներ, արձագանքման եւ հակազդման մեխանիզմներ» թեմայով:

Բացման խոսքում Կորյուն Նահապետյանը նշել է, որ թեման արդիական է եւ մեծ կարեւորություն է ներկայացնում Հայաստանի համար` հաշվի առնելով մեր երկրի ենթակառուցվածքների աճող կախվածությունը տեղեկատվական տեխնոլոգիաներից: Նա նշել է, որ ոլորտը բավականին լայն է, եւ դժվար է մեկ հանդիպման ընթացքում անդրադառնալ նույնիսկ ամենաշտապ լուծում պահանջող խնդիրներին: Ըստ նրա` լսումների նպատակն է բացահայտել, թե ներկայում ինչպիսի կիբեռսպառնալիքներ ու մարտահրավերներ են առկա Հայաստանի մասնավոր եւ պետական հատվածներում, եւ ինչպիսի արագ արձագանքման մեխանիզմներ են գործում: Անհրաժեշտ է նաեւ գնահատել, թե պետական եւ մասնավոր հատվածում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ինչպիսի աշխատանքներ են իրականացվում:

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի տեղեկատվական անվտանգության եւ ռազմավարական վերլուծությունների վարչության տեղեկատվական անվտանգության բաժնի պետ Վահե Սարատիկյանը նշել է, որ խնդիրը շատ արդիական է Հայաստանի համար, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացումը եւ թափանցումը պետության կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառներ, առաջացրել է ռիսկեր, սպառնալիքներ եւ մարտահրավերներ: Դրանք առավել արդիական եւ ֆիզիկական են երկրի ռազմավարական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման տեսանկյունից, ինչը թույլ է տալիս փաստելու, որ կիբեռանվտանգությունը կարեւորագույն բաղադրիչ է ազգային անվտանգության ապահովման համակարգում: Նա նշել է, որ կիբեռհարձակումների կատարելագործումը հետեւում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արագ տեմպերին, ինչի արդյունքում կատարելագործվում են նմանատիպ հարձակումները եւ փոփոխվում են իրականացման եղանակներն ու միջոցները:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության բաժնի պետի տեղակալ Արսեն Գաբրիելյանը նշել է, որ պետական մարմինների կողմից կիրառվող որոշ տեղեկատվական համակարգեր, որոնցով մատուցվում են էլեկտրոնային տարբեր ծառայություններ, ունեն առավել կարեւոր նշանակություն: Դրանցից են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, բնակչության պետական ռեգիստրի, սոցիալական ապահովության ոլորտի, անշարժ գույքի գրանցման, հարկային հաշվետվությունների եւ մի շարք այլ համակարգեր, որոնց խափանումը կարող է հանգեցնել պետության կարեւորագույն գործառույթների իրականացման ժամանակավոր արգելափակման: Նման իրավիճակներում աշխարհում ակտիվ զարգացող կիբեռհանցագործությունների սպառնալիքներն ու դրանց իրացման դրդապատճառներն իրական վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության տարբեր բաղադրիչների վրա: Ըստ նրա` կարեւորելով վերոնշյալ խնդիրները` իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում կիբեռանվտանգության ուղղությամբ տարվող աշխատանքները կրում են տեղային եւ մասնակի բնույթ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը իր խոսքում նշել է, որ քաղաքացիների կողմից չկա կիբեռսպառնալիքների վտանգի բավարար գիտակցում: Վիրուսների տարածումը, ծածկագրերի կոտրումը, բանկային քարտերի համակարգերի եւ այլ բանկային տվյալների կողոպուտը, անօրինական տեղեկատվության տարածումը, տարաբնույթ խաբեությունները կիբեռհանցագործությունների օրինակ են, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է առանձին մոտեցում: Գոյություն ունեն տարբեր հետազոտական տվյալներ, որոնք գնահատում են տվյալ երկրում կիբեռսպառնալիքների եւ կիբեռհանցագործությունների ռիսկերի ծավալները: Օրինակ Մեծ Բրիտանիայի ընկերությունների եւ կազմակերպությունների 90 տոկոսից ավելին այս կամ այն չափով դարձել է կիբեռհարձակումների թիրախ, այն դեպքում, երբ Հոլանդիայում այդ թիվը 20 տոկոս է: Գերմանիայում կիբեռհանցագործությունները կարողանում են տարեկան 4 մլրդ եվրոյից ավելի գումար կողոպտել: Ըստ Տարասյանի` մեկ այլ հետազոտության համաձայն էլ՝ կորպորատիվ հատվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոցելիության պատճառով տարեկան կորցնում է 150-300 մլրդ դոլար: Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի տվյալներով էլ՝ տեղեկատվական ռեսուրսի վրա տարեկան 800 հազար հարձակում է իրականացվում: Դրանց միայն կեսի դեպքում է հնարավոր լինում հետախուզել, իսկ ավելի քիչ դեպքերում՝ ապացուցել հարձակումների եւ պատժելիության հանգամանքը:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ կան ոլորտներ, որտեղ վտանգներն ավելի արագ են աճում, քան այդ երկրները կարողանում են ընկալել վտանգները եւ կանխել դրանք: Նրա դիտարկմամբ` կիբեռհարձակումների առումով Հայաստանը թիրախային գոտում է:Նա տեղեկացրել է, որ գոյություն ունեն այնպիսի հանգույցներ, որոնք խոցելիությունը կարող է պետական մակարդակի խնդիրներ առաջացնել: Այդպիսի կառույցները պետք է պարբերաբար աուդիտի ենթարկվեն, որպեսզի անվտանգության մակարդակը բարձր լինի, իսկ հասարակությունն էլ պետք է տեղյակ լինի դրա մասին: Նա նշել է, որ Հայաստանի վրա կիբեռհանցագործություններ ավելի շատ իրականացնում է Ադրբեջանը:

«Կիբեռանվտանգության հիմնախնդիրները ՀՀ-ում. սպառնալիքներ եւ մարտահրավերներ, արձագանքման եւ հակազդման մեխանիզմներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության ավտոմատ կառավարման վարչության ԱԿՀ բաժնի պետ Արամ Գեւորգյանը: Նա նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ավելանում է նաեւ կիբեռհանցագործությունների թիվը:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետ Սամվել Հովսեփյանը տեղեկացրել է, որ միջազգային հանրությունը կիբեռհանցագործությունները բաժանում է երկու խմբի` հանցագործություններ որոնք կատարվում են համացանցայի տեղեկատվության անվտանգության դեմ, այսինքն հանցագործության մուտք է հանդիսանում համակարգիչը, համակարգչային տեղեկատվությունը կամ համակարգը: Երկրորդը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հանցագործություններն են: Այսինքն` համակարգիչը հանդիսանում է կիբեռհանցագործության գործիք: Նա նշել է, որ հանցագործներն օգտվում են տարբեր երկրների օրենսդրական դաշտի տարբերություններից եւ թերություններից: Ըստ նրա` այս չարիքի դեմ ոչ մի երկիր չի կարող առանձին պայքարել:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը նշել է, որ տեղեկատվական անվտանգությունը ողջ հասարակությանն ուղղված մարտահրավեր է, այսինքն դա ոչ թե պետության, այլ ողջ հասարակության խնդիրն է: Ըստ նրա՝ ինտերնետային կապից օգտվող յուրաքանչյուր օգտատեր պետք է գիտակցի ապահովության եւ անվտանգության մասին: Պարոն Գրիգորյանը նշել է նաեւ, որ այս արդիական խնդրի դեմ արդյունավետ պայքարի համար պետք է համախմբվեն պետական եւ մասնավոր շահագրգիռ կառույցները` ուշադրությունից դուրս չթողնելով այն փաստը, որ ինտերնետը հասանելի է նաեւ անչափահասներին:

ԵԱՀԿ փորձագետ Բեն Հիլլերը ելույթի իր խոսքում նշել է, որ կիբեռհարձակումները միշտ առաջնային խնդիր են եղել ինչպես մասնավոր, այնպես էլ պետական կառույցների համար: Ըստ նրա, սա մի խնդիր է, որը գտնվում է բոլոր պետությունների ուշադրության կենտրոնում, ինչը ստիպում է նրանց իրականացնել տարբեր ինտերնետ-քաղաքականություն:

Խորհրդարանական լսումներն ամփոփել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ով իր խոսքում առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Նա նշել է, որ շահագրգիռ բոլոր կառույցները պետք է ակտիվորեն ներգրավվեն կիբեռհանցագործության դեմ պայքարի միջոցառումներում, ինչպես նաեւ աստիճանաբար բարձրացնեն նմանատիպ միջոցառումների արդյունավետությունը: