Տպել
20.11.2014
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քլաուս-Պետեր Ֆլոսբախի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Քլաուս-Պետեր Ֆլոսբախը նշել է, որ Հայաստան են այցելել ընտրելու «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի մասնակիցներին: Ծրագիրը Հայաստանում գործում է 1998թ.-ից եւ հնարավորություն է տալիս հայաստանցի ուսանողներին փորձառություն անցնելու Գերմանիայի Բունդեսթագում: Բունդեսթագի պատգամավորը տեղեկացրել է, որ երեկ արդեն ընտրել են 3 հայ մասնակցի:

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, հայ-գերմանական գիտակրթական կապերի զարգացման տեսանկյունից կարեւորել է նմանատիպ ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ այսօր մեկ գերմանացի ուսանող պրակտիկա է անցնում ՀՀ Ազգային ժողովում:

Խոսելով երկկողմ հարաբերություններից՝ հայ խորհրդարանականները բարձր են գնահատել անցած քսան տարիների ընթացքում տարբեր ոլորտներում Գերմանիայի ցուցաբերած աջակցությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու հայ-գերմանական խորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանը:

Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը խոսել է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության մի շարք առանձնահատկություններից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից, սահմանային միջադեպերի անթույլատրելիությունից, Ադրբեջանի ապակառուցողական գործողություններից:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կաեւորել է արտերկրի իրենց խորհրդարանականների բարոյական աջակցությունն ու մասնակցությունը ապրիլյան հիշատակի միջոցառումներին՝ հույս հայտնելով, որ Բունդեսթագից եւս կլինի ներկայացուցչական պատվիրակություն: Ըստ Արտակ Զաքարյանի՝ ցեղասպանությունների դատապարտումը կարեւոր քայլ է դրանց կանխարգելման, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություններ թույլ չտալու համար:

Հայ եւ գերմանացի խորհրդարանականները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


08.07.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

08.07.2024
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ու Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Բիագովի ուղեկցությամբ հուլիսի 8-ին այցելել է Ծիծեռնակ...