Տպել
20.11.2014
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քլաուս-Պետեր Ֆլոսբախի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Քլաուս-Պետեր Ֆլոսբախը նշել է, որ Հայաստան են այցելել ընտրելու «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի մասնակիցներին: Ծրագիրը Հայաստանում գործում է 1998թ.-ից եւ հնարավորություն է տալիս հայաստանցի ուսանողներին փորձառություն անցնելու Գերմանիայի Բունդեսթագում: Բունդեսթագի պատգամավորը տեղեկացրել է, որ երեկ արդեն ընտրել են 3 հայ մասնակցի:

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, հայ-գերմանական գիտակրթական կապերի զարգացման տեսանկյունից կարեւորել է նմանատիպ ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ այսօր մեկ գերմանացի ուսանող պրակտիկա է անցնում ՀՀ Ազգային ժողովում:

Խոսելով երկկողմ հարաբերություններից՝ հայ խորհրդարանականները բարձր են գնահատել անցած քսան տարիների ընթացքում տարբեր ոլորտներում Գերմանիայի ցուցաբերած աջակցությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու հայ-գերմանական խորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանը:

Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը խոսել է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության մի շարք առանձնահատկություններից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից, սահմանային միջադեպերի անթույլատրելիությունից, Ադրբեջանի ապակառուցողական գործողություններից:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կաեւորել է արտերկրի իրենց խորհրդարանականների բարոյական աջակցությունն ու մասնակցությունը ապրիլյան հիշատակի միջոցառումներին՝ հույս հայտնելով, որ Բունդեսթագից եւս կլինի ներկայացուցչական պատվիրակություն: Ըստ Արտակ Զաքարյանի՝ ցեղասպանությունների դատապարտումը կարեւոր քայլ է դրանց կանխարգելման, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություններ թույլ չտալու համար:

Հայ եւ գերմանացի խորհրդարանականները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: