Տպել
28.11.2014
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հանդիպումները ՀԱՊԿ եւ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովներում
1 / 10

Նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ տեղեկատվական-հետազոտական եւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից փորձագիտական-խորհրդատվական կենտրոնների նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների եւ թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման լիազոր մարմինների համատեղ նիստը, որին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նիստում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով կոչ է արվել ՀԱՊԿ ԽՎ անդամ պետությունների խորհրդարաններին ներդաշնակեցնել թմրանյութերի անօրինական շրջանառությանը հակազդող օրենսդրությունը:

Այդ նիստին հաջորդել է նաեւ «Թմրանյութերի, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների շրջանառության վերահսկողությանը վերաբերող օրենսդրության ներկա վիճակը եւ ներդաշնակեցման հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովը, որի ընթացքում ընդունվել է հռչակագրի նախագիծ:

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ հայկական կողմից ներկայացված «Միջազգային հարաբերություններում տնտեսական, ֆինանսական եւ տրանսպորտային ճգնաժամի դադարեցման անհրաժեշտության մասին» հայտարարությունը, որը ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նույն օրը տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը եւ կազմակերպչական այլ հարցեր: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Տավրիկյան պալատում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով «ԱՊՀ անդամ պետությունների հանրային եւ մասնավոր գործընկերության մասին» մոդելային օրենքի նախագծի վերաբերյալ հանդես է եկել զեկույցով: ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը: