Տպել
10.12.2014
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 4

Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձեւի կատարման վերաբերյալ:

Բացման խոսքում Էլինար Վարդանյանը շնորհավորել է ներկաներին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Նա նշել է, որ խորհրդարանական լսումները ոլորտի գործունեության առանցքային խնդիրներին ու բարեփոխումներին անդրադառնալու եւ կարեւորագույն հարցեր բարձրացնելու կարեւոր հարթակ ու հնարավորություն են:

Հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանն իր ելույթում անդրադարձել է 1900 բանաձեւի սահմանումներին ու ենթաբաժիններին, մարդու իրավունքների ոտնահարման հիմնախնդիրներին,Հայաստանում դատավարությունների անցկացմանն ու կայացրած վճիռներին: Պատգամավորը նշել է որ անընդունելի է քաղբանտարկյալ եզրույթը եւ 21-րդ դարում քաղաքական հայացքների համար հետապնդելու դեպքերը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը ներկայացրել է միջազգային տարբեր կազմակերպությունների առաջարկած բնորոշումները 1900 բանաձեւի վերաբերյալ: Բանախոսը նշել է, որ «Քաղաքական բանտարկյալի» սահմանումը արտահայտում է այս հարցում տվյալ երկրի խորհրդարանի քաղաքական տեսակետը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ամփոփիչ խոսքում շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար` նշելով, որ ելույթներում եւ հարցադրումներում հնչած դիտողություններն ու առաջարկները դրական նշանակություն կունենան բանաձեւի իրականացման համար: