ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: ԱԺ նախագահին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:
Օրենսդիր մարմնի ղեկավարին մեծ շուքով եւ ջերմությամբ դիմավորել են մանկատան սաներն ու աշխատակազմը:
Շրջելով մանկատանը` Գալուստ Սահակյանը անմիջական մթնոլորտում խոսել է մանկատան անձնակազմի եւ սաների հետ, ծանոթացել վերջիններիս կեցության պայմաններին:
Նա այցելել է երեխաների ննջարաններ, խաղասրահ, դասասենյակ, գրադարան եւ ճաշարան` ծանոթանալով ճաշացանկին:
ԱԺ նախագահը ներկա է գտնվել նաեւ գորգագործական խմբակի դասընթացին, որտեղ մանկատան սաները ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները, գորգերը եւ գոբելենները:
Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշել է, որ մանկատանը բնակվում է 60 երեխա, որոնցից 50-ը սովորում են հանրակրթական դպրոցներում եւ հպարտությամբ հավելել, որ 5 տղաներ ծառայում են Հայոց բանակում: Տնօրենն ընդգծել է նաեւ, որ 2014 թվականի ընթացքում մանկատնից որդեգրվել է 1 երեխա, 4 սան հանձնվել է խնամակալության, իսկ 16 երեխա վերադարձվել է կենսաբանական ընտանիքներին:
Մանկատան սաները մեծ սպասումով եւ հուզմունքով ամանորյա խորհրդանշական ներկայացում էին պատրաստել ԱԺ նախագահի եւ ներկաների համար: Երեխաների ուրախ տրամադրությունը եւ ներկաների հուզմունքը եզրափակել է տոնի խորհրդանիշ Ձմեռ պապը, ով ներկաներին բաժանել է ԱԺ նախագահի կողմից բերված նվերները:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ, ներկաներին մաղթել է քաջառողջություն եւ երազանքների իրականացում:
Խորհրդարանի ղեկավարի խոսքերով` անշուշտ ողջունելի է, որ մանկատունն ունի լավ պայմաններ եւ երեխաների համար ապահովում է ընտանեկան ջերմ միջավայր: Հանդիպման ավարտին մանկատան սաները ԱԺ նախագահին են նվիրել իրենց ձեռագործ աշխատանքներից: