Տպել
04.03.2015
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 11

Մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Շարունակվել է անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումը

Պատգամավորները շարունակել են քննարկել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
 
Խորհրդարանականները շարունակել են հարցերով դիմել հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն. պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Արփինե Հովհաննիսյանը փաթեթի որոշ դրույթների լրամշակման եւ հստակեցման նպատակով ներկայացրել են առաջարկներ:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա անդրադարձել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագծի դրույթներին եւ նշել, որ դրանցից շատերը հստակեցման կարիք ունեն եւ կարող են հնարավորություն տալ՝ անձնական տվյալները փոխանցելու երրորդ անձանց կամ երկրների: Խմբակցության ղեկավարն իրազեկել է, որ դեմ են քվեարկելու օրենսդրական փաթեթին, քանի որ որոշ մտահոգություններ ունեն՝ կապված անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գործունեության եւ նրա կողմից անձնական տվյալների տնօրինման հետ:

Եզրափակիչ ելույթներում հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը եւ հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել են առաջարկներին եւ մտահոգություններին, տվել պարզաբանումներ:

Քննարկվել են գերեզմանատներին եւ դիակիզարաններին վերաբերող հարցեր

Հաջորդիվ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է հստակեցնել գերեզմանատների եւ դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները, հուղարկավորության կազմակերպման հիմնական սկզբունքներն ու պայմանները, ինչպես նաեւ՝ մասնավոր գերեզմանատների ինստիտուտի ձեւավորման սկզբունքներն ու մոտեցումները:

Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը մանրամասն քննարկվել է, տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ եւ աշխատանքային քննարկումներ. արդյունքում՝ բազմաթիվ սկզբունքային հարցեր լուծվել են, ներկայացվել է լրամշակված տարբերակ: Արաիկ Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ դեռեւս անելիքներ կան:

Քննարկվել է միջազգային համաձայնագիր

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել 1951 թ. հոկտեմբերի 31-ին ընդունված «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ կանոնադրությամբ հիմնվել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովը, որի նպատակն է մասնավոր իրավունքի նորմերի զարգացումը, կոդիֆիկացումը, դրանց կատարման հարցում անդամ պետություններին աջակցության ցուցաբերումը, եւ Հայաստանը, ստանձնելով այդ պարտավորությունները, ստանում է արտոնություններ մասնավոր իրավունքի ոլորտում:

Հարակից զեկույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանն իրազեկել է, որ հարցի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Կառավարությունն առաջարկում է լրամշակել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշել է, որ փոփոխությունների արդյունքում կապահովվեն «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թ. կոնվենցիայի եւ միջազգայնորեն ամրագրված այլ իրավական ակտերի պահանջները, որոնք բացակայում են գործող օրենքից: Փոփոխության են ենթարկվել օրենքի շուրջ 11 հոդվածներ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարցի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Նիստի ավարտին պատգամավորները քվեարկությամբ ընդունել են օրվա ընթացքում քննարկված բոլոր օրինագծերը, վավերացրել՝ համաձայնագիրը:

Սպառելով արտահերթ նիստի օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է նիստի աշխատանքը:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...