Տպել
04.03.2015
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Մարտի 4-ին Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարինե Պողոսյանը: Զրուցակիցները քննարկել են մեր երկրում Գերմանիայի դեսպանատան կողմից իրականացվող կրթական եւ մշակութային ծրագրերի, Հայաստանում գերմաներենի ուսուցման եւ տարածման, ՀՀ դպրոցների միջեւ համագործակցության, ուսուցիչների եւ աշակերտների փոխանակման, կրթության ոլորտում Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, որոնք կնպաստեն հայ-գերմանական մշակութային եւ կրթական ծրագրերի ընդլայնմանը:

Ռայներ Մորելը նշել է, որ Հայաստանում կան դպրոցներ, որոնք համագործակցում են Գյոթեի անվան ինստիտուտի հետ, սակայն այդ ուսումնական հաստատությունը լիարժեքորեն ներկայացված չէ Հայաստանում: Գերմանիան ջանում է Հայաստանում գտնել դպրոցներ, որոնց հետ կարող է համագործակցել, քանի որ շահագրգիռ է ընդլայնելու գերմաներենի դասավանդման հնարավորությունները: Դեսպանը նշել է նաեւ, որ արդեն մեկնարկել են ծրագրեր, որոնց կարող են մասնակցել Հայաստանում գերմաներենի ուսուցիչները, ինչպես նաեւ աշակերտները, ովքեր կարող են ամռանը մեկ ամիս անվճար սովորել Գերմանիայում:

Որպես Դպրոց-կենտրոնների միության նախագահ՝ Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է, որ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունն իր գործունեությամբ նպաստում է ՀՀ-ում կրթական բարեփոխումների իրականացմանը, դպրոցական նորարարությունների խթանմանը, լավագույն փորձի փոխանակմանը, միջազգային առաջավոր փորձի ներդրմանն ու տարածմանը, մանկավարժների ցանցային համագործակցությանը:

Տիկին Մուրադյանի կարծիքով՝ հայ-գերմանական համագործակցությունը կրթության ոլորտում չպետք է սահամանափակվի Հայաստանում միայն գերմաներենի ուսուցմանը վերաբերող ծրագրերով. անհրաժեշտ է համագործակցել կրթության ոլորտում օրենսդրական նախաձեռնությունների, դպրոցի ղեկավարման եւ կառավարման արդյունավետ մոդելների, դասավանդման մեթոդների արդյունավետ կիրառման, մանկավարժների փոխանակման ուղղությամբ: Ռուզաննա Մուրադյանը կարեւորել է նաեւ առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացումը եւ կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության զարգացման ուղղությունները:

Քննարկվել են համագործակցության ուղիները, որոնց շրջանակում Գերմանիայի դեսպանատունը հարթակ կդառնա ՀՀ դպրոցների համար՝ մասնակցելու եվրոպական ծրագրերին՝ հնարավորություն տալով աշակերտներին գերմաներեն հաղորդակցվելու իրենց հասակակիցների հետ, համագործակցելու Գերմանիայի դպրոցների հետ, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռելով ուսուցիչների առարկայական միություններին սերտորեն համագործակցելու Գերմանիայի նմանատիպ միությունների հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Գերմանիայի դեսպանատան կողմից իրականացվող կրթական ծրագրերին, որոնք մշտապես գտնվելու են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, որը հետեւողական է լինելու, որպեսզի ստեղծվեն բարենպաստ պայմաններ ՀՀ դպրոցների համար ընդգրկվելու միջազգային տարբեր ծրագրերում՝  նպաստելով միջազգային առաջավոր փորձի ներդրմանն ու տարածմանը:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...