Տպել
16.03.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 3

Մարտի 16-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵՄ պատվիրակության անդամներ, միջազգային փորձագետներ Գերոլդ Հայնրիխսին, Թոմաս Ռայնեկեին, Քշիշտոֆ Գուլդային, Ջոհաննա Ռինգհոֆերին եւ Ազիր Ալիուին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Արտակ Դավթյանը ներկայացրել է գիտության, մասնավորապես՝ նորագույն տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը, արտոնությունները, գիտության զարգացմանն ուղղված միջոցառումներն ու գերակա ուղղությունները, անդրադարձել առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունված «Գիտական եւ գիտակրթական գործունեության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման գործընթացին եւ տեղեկացրել, որ այն այսօր ընդունելի նախագիծ է շահագրգիռ բոլոր կողմերի համար: Ողջունելով ԵՄ պատվիրակության առաքելությունը, Արտակ Դավթյանը ներկայացրել է ոլորտի խնդիրները, արժեւորել միջազգային փորձագետների ուսումնասիրությունն ու նրանց հնարավոր առաջարկները:

Ինչպես տեղեկացրին հյուրերը, գիտության եւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ զեկույցը համապատասխան մարմնի քննարկմանն է ներկայացվելու առաջիկա հունիսին: