Տպել
20.03.2015
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորին
1 / 3

Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Ժուկին, ով խորհրդարան էր եկել ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ուղեկցությամբ: Ողջունելով Ալեքսանդր Ժուկին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ուսումնասիրել է Բելառուսի կրթական համակարգի եւ մասնավորապես մանկավարժական համալսարանի գործունեությունը եւ բարձր է գնահատում հայ-բելառուսական կրթական համագործակցությանն ուղղված քայլերը: Որպես Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է համալսարանի համագործակցությունը տարբեր երկրների համալսարանների հետ եւ նշել, որ Ռուբեն Միրզախանյանի հետ խորհրդակցել են համալսարանի կառավարումն ազատականացնելու ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ պետությունը մշակում է չափորոշիչները, իսկ կրթական համակարգը իրագործում է դրանք. այսպիսի մոտեցումը բարելավում է գիտական եւ կրթական գործընթացները:

Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Ժուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ համալսարանը հարյուրամյա կրթական հաստատություն է եւ ունի ձեւավորված կրթական ավանդույթներ: Ռեկտորը կարեւորել է մանկավարժական համալսարանի դերը կադրերի պատրաստման գործում: Նա նշել է, որ Բելառուսի կրթական համակարգն ինտեգրման փուլում է, եւ Բելառուսը պատրաստվում է անդամակցելու Բոլոնիայի գործընթացին: Ալեքսանդր Ժուկը կարեւորել է նաեւ մանկավարժական համալսարանի համգործակցությունը ՀՊՄՀ հետ եւ նշել, որ նախատեսվում է ուսանողների փոխանակության ծրագիր իրականացնել. առաջիկայում 20 հայ ուսանող կհյուրընկալվի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանում: