Մարտի 26-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները:
Հյուրերը նախ եղել են ԱԺ նիստերի դահլիճում, հետեւել օրենսդրական գործընթացին: Գյումրեցի ուսանողներին այս անգամ ընդունել եւ հերթական բաց դասն է անցկացրել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ողջունելով ապագա իրավագետներին` Հերմինե Նաղդալյանն անհրաժեշտ է համարել նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք երկուստեք օգտակար են եւ արդյունավետ: Նա կարեւորել է երիտասարդության մասնակցությունը երկրի հասարակական, քաղաքական կյանքում, անդրադարձել քաղաքական դաշտում սերնդափոխության հարցին:
Ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների եւ դասախոսների հարցերին, անդրադարձել մեր երկրի զարգացման հեռանկարներին ու խոչընդոտող հանգամանքներին, խոսել ընտրական եւ աշխարհաքաղաքական գործընթացներից, գործազրկության մակարդակից, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից եւ հրադադարի խախտման դեպքերից: Տիկին Նաղդալյանը ուսանողների խնդրանքով ներկայացրել է նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ պարզաբանելով, որ մեր երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ կարող են լուծվել նախատեսվող սահմանադրական բարեփոխումների արդյունքում:
Հանդիպման ավարտին ուսանողներն ու դասախոսները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահի հետ: