Տպել
27.03.2015
ԱԺ փոխնախագահն ընդունել է հունական պատվիրակությանը
1 / 4

Մարտի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Արտերկրի հույների խորհրդի պատվիրակության անդամներ Ֆոտի Չիտլիդիսին, Վադիմ Անաստասիադիին, Սոֆյա Պրոկոպիդուին, Արկադի Խիտարովին, Աննա Խիտարովային, Էդուարդ Պոլատովին եւ հույն հայտնի պատմաբան Կոնստանտինոս Ֆոտիադիսին:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին եւ նախաձեռնության հեղինակներին՝ մարտի 24-ին միաձայն ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության համար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով պատվիրակությանը, նշել է, որ ԱԺ հայտարարության ընդունումն ինքնանպատակ չի եղել. ճանաչելով հույների եւ ասորիների նկատմամբ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը՝ Հայաստանի խորհրդարանը դատապարտում է երբեւէ իրականացված բոլոր ցեղասպանությունները: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ քանի դեռ չեն ճանաչվել եւ դատապարտվել ցեղասպանությունները, չի կարելի բացառել դրանց կրկնության հնարավորությունը:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ հյուրերը կարեւորել են տարբեր ժամանակներում տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները կարեւորել են հայ եւ հույն եղբայր ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդումն ու ընդհանուր հարցերում համագործակցության սերտացումը:

Հյուրերը ԱԺ փոխնախագահին են փոխանցել հույն ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ հրատարակված գրքեր:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...