Տպել
13.04.2015
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Անն Բրասերին
1 / 5

 Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին:

Ողջունելով Անն Բրասերին խորհրդարանում՝ Աժ նախագահը կարեւորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը, ինչպես նաեւ ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ Վեհաժողովում ընդունվող փաստաթղթերին:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին՝ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ այն ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Նա հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ն 100-րդ տարելիցին ընդառաջ կանդրադառնա այս պատմական ողբերգությանը եւ կտա համապատասխան գնահատական:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկն է, եւ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Գալուստ Սահակյանն առաջարկել է ուղղակիորեն շփվել Լեռնային Ղարաբաղի հետ՝ անկախ նրա կարգավիճակից, քանի որ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում: Միաժամանակ Գալուստ Սահակյանը տիկին Բրասերին առաջարկել է տեղում հետեւել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ Արցախում վաղուց ընտրությունները կազմակերպվում եւ անցկացվում են բարձր մակարդակով եւ միջազգային չափանիշներին համապատասխան:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ պատվիրակության գործունեությունը Վեհաժողովում եւ մեծապես կարեւորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարթակներում:

Տիկին Բրասերը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է նպաստի, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվի երկխոսություն, եւ հակամարտող կողմերը լսեն միմյանց:

Անն Բրասերն անդրադարձել է ԵԽ Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային, որը Հայաստանը դեռ չի ստորագրել: Նա նաեւ դիմել է ԱԺ նախագահին՝ Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի որոշումների կատարման համար խորհրդարանում հանձնաժողով ստեղծելու   խնդրանքով, որն էլ կվերահսկի դատարանի որոշումների կատարման ընթացքը:

Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը խորհրդարանի այգում մասնակցել են ծառատունկի:

ԵԽԽՎ նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ:


27.05.2024
Աշխատանքային քննարկում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 27-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում «Հանրային տեղեկատվության մասին», «Կիբեռանվտանգության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարա...

27.05.2024
Աշխատանքային քննարկման առանցքում եղել են կաթի մթերմանն առնչվող խնդիրները
Մարզեր պարբերաբար կատարած մեր այցերի ընթացքում անասնապահները բարձրաձայնում են կաթի մթերմանն առնչվող խնդիրների եւ, մասնավորապես, գնի նվազեցման փաստի մասին. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` մայիսի 27-ին...