Տպել
17.04.2015
Հանդիպում Ազգային ժողովում
1 / 3

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հանդիպել է Բունդեսթագի պատգամավորներ Մարտին Պեթցոլդի եւ Թանկրեդ Շիպանսկու հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Արտակ Դավթյանն իր երախտագիտությունն է հայտնել գերմանացի գործընկերներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Հայաստան այցելելու, ինչպես նաեւ Եվրախորհրդարանում ընդունված բանաձեւի կապակցությամբ: Նա բարձր է գնահատել Գերմանիայի՝ հայ-թուրքական հաշտեցման ուղղությամբ տարվող ջանքերը, սակայն նշել, որ իրական հաշտեցում առանց Հայոց ցեղասպանության ճանաչման չի կարող լինել:

Մարտին Պեթցոլդը նշել է, որ այժմ Գերմանիայում ակտիվ քննարկումներ են ընթանում Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ: Բունդեսթագի պատգամավորը տեղեկացրել է, որ ապրիլի 23-ին Գերմանիայում տեղի կունենա հիշատակի պատարագ, որին կմասնակցի երկրի Նախագահը, իսկ ապրիլի 24-ին Բունդեսթագում կգումարվի հիշատակի նիստ:

Զրուցակիցները խոսել են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության եւ ԵՄ հետ հարաբերությունների զարգացման մասին:

Գործընկերների խնդրանքով խոսելով Բոլոնիայի գործընթացի եւ դրանում Հայաստանի ներգրավվածության մասին՝ Արտակ Դավթյանը նշել է, որ Գերմանիայի փորձն այդ ասպարեզում իրոք օրինակելի է, եւ դժվար է պատկերացնել համաշխարհային կրթական համակարգն առանց Բոլոնիայի գործընթացի: Նա նշել է, որ Հայաստանի՝ այդ գործընթացում քարտուղարության ղեկավարման հետ կապված նախատեսվում են մի շարք միջոցառումներ:

Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանը հույս է հայտնել, որ հայ-գերմանական խորհրդարանական կապերն ավելի կաշխուժանան՝ նպաստելով բարեկամ երկրների հարաբերությունների խորացմանը: