Տպել
06.05.2015
Տեղի է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ մայիսի 6-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ առաջին ընթերցման ժամանակ հանձնաժողովի ներկայացրած գրեթե բոլոր առաջարկներն ընդունվել են, կատարվել են որոշակի խմբագրական աշխատանքներ, ինչպես նաեւ տարանջատվել են որոշակի հոդվածներ:

Պարոն Մկրտչյանը նշել է նաեւ, որ նախագծով սահմանվել է հաշտարար նշանակելու նոր կարգ: Նրա խոսքով` հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կողմերն իրավունք ունեն սահմանել հաշտարարության միջոցով վեճը լուծելու առավելագույն ժամկետ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ նախատեսված հաշտարարության ժամկետը չի կարող գերազանցել հաշտարար նշանակվելու պահից վեց ամիսը: Հաշտարարության ընթացքում կողմերն իրավասու են փոխադարձ համաձայնությամբ երկարաձգել հաշտարարության ժամկետը միայն մեկ անգամ` մինչեւ վեց ամիս ժամկետով: Սահմանված ժամկետում կողմերի չհաշտվելու դեպքում հաշտարարության գործընթացը համարվում է ավարտված` առանց կողմերի հաշտության: Եթե հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կողմերը հաշտարարության միջոցով վեճը լուծելու առավելագույն ժամկետ չեն սահմանել, ապա այդ ժամկետը օրենքով սահմանված առավելագույն` հաշտարար նշանակվելու պահից հաշվարկվող 6-ամսյա ժամկետն է:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Հիմնավորելով օրենսդրական փոփոխություններն ու լրացումները` զեկուցողը նշել է, որ այն պայմանավորված է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» 1984թ. դեկտեմբերի 10-ի ՄԱԿ-ի Կոնվենցիայի եւ ներպետական օրենսդրությամբ խոշտանգման համար քրեական պատասխանատվության ոլորտում գործող իրավակարգավորումների միջեւ համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման պահանջով: Ըստ նրա` ՀՀ գործող քրեական օրենսգրքի եւ միջազգային չափանիշների համակարգային վերլուծությունը վկայում է, որ գործող քրեական օրենսդրությամբ խոշտանգման հանցակազմի բնորոշումը չի համապատասխանում Կոնվենցիայով առաջադրվող չափանիշներին:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է հանձնաժողովի անդամների հետ համատեղ քննարկել բոլոր մտահոգություններն ու առաջարկները, իսկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ վստահեցրել է, որ ձեւավորված աշխատանքային խմբի միջոցով առաջիկայում կկազմակերպվեն աշխատանքային քննարկումներ:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենսդրական փաթեթներն ընդգրկվել են մայիսի 5-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: 
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...