Տպել
09.05.2015
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի եւ Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցներին
1 / 8

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 9-ին ընդունել է «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի եւ Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցներին:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը կարեւորել է երիտասարդների դերն ու մասնակցությունը աշխարհում տեղի ունեցող տարբեր գործընթացներում:

ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանում հյուրընկալված երիտասարդները մասնակցում են այս օրերի տոնական միջոցառումներին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Գալուստ Սահակյանը երիտասարդներին տեղեկացրել է, որ այդ օրերին անցկացվել է գլոբալ ֆորում՝ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» եւ այդ համատեքստում ՀՀ Ազգային ժողովն առաջիկայում կոչով դիմելու է բոլոր խորհրդարաններին՝ կազմելու հանձնախմբեր՝ ընդդեմ ցեղասպանությունների դեմ պայքարի: ԱԺ նախագահը նշել է, որ անցած 100 տարվա ընթացքում Հայաստանը կարողացել է միջազգային հանրությանը ներկայացնել ցեղասպանությունների վտանգավորությունը՝ շեշտելով, որ այսօր էլ աշխարհում նկատվում են ցեղասպանության եւ ահաբեկչության միտումներ:

ԱԺ նախագահի խոսքով՝ ցանկացած քաղաքականություն պետք է հետեւանք լինի քաղաքակրթության: Գալուստ Սահակյանի կարծիքով՝ երիտասարդները պետք է համախմբեն իրենց ջանքերը՝ 21-րդ դարում նպաստելու խաղաղությանը, պետությունների բարգավաճմանը եւ զարգացմանը:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Բոլոնյան գործընթացի նոր մարտահրավերներին, բարձրագույն կրթության առավել հրատապ եւ կարեւոր խնդիրներին, Հայաստանի խորհրդարանի մասնակցությանը կրթական ծրագրերին, Հայաստանի գիտական եւ կրթական ներուժին եւ այլն: