Տպել
20.05.2015
Ազգային ժողովի այգում տնկվել են ճապոնական բալենիներ
1 / 4

Մայիսի 20-ին Ազգային ժողովի այգում տեղի է ունեցել ճապոնական բալենիների՝ սակուրաների տնկման արարողություն:

Արարողությանը մասնակցել են Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադան, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, խմբի անդամները, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան եւ Աժ աշխատակազմի աշխատակիցները:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը նշել է, որ սակուրաների տնկման արարողությամբ է ցանկանում ավարտել իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Նրա խոսքով՝ Ճապոնիայի խորհրդանիշը՝ սակուրան, մշտապես կհիշեցնի երկու ժողովուրդների ամուր բարեկամության մասին:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, կարեւորելով պարոն Հարադայի նշանակալից դերը հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացման գործում, իր երախտագիտությունն է հայտնել դեսպանին: Նա նշել է, որ ճապոնական բալենիները Ազգային ժողովի այգում տնկվում են երկու ժողովուրդների համար խորհրդանշական տարում. այս տարի նշվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծման 70-րդ տարելիցը:

Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ տնկվող սակուրաները կխորհրդանշեն պատմական ընդհանրություններ ունեցող երկու ժողովուրդների բարեկամությունը:

Այնուհետեւ միջոցառման մասնակիցները ԱԺ այգում տնկել են խորհրդանշական բալենիները: