Տպել
29.06.2015
ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
1 / 1


«Խոր ցավով տեղեկացա «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի մահվան մասին:

Գագիկ Հովհաննիսյանի շախմատային հանրամատչելի հաղորդումները, վերլուծություններն ու մեկնաբանություններն իսկական դասընթացներ էին շախմատասերների,ինչպես նաեւ ապագա լրագրողների համար, որոնց նա երկար տարիներ դասավանդում էր Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նա հայկական շախմատի նորագույն պատմության անբաժանելի վկան ու տարեգիրն էր, շախմատի Հայաստանի հավաքականների հաղթանակների մշտական ուղեկիցը, ով կարողանում էր իր հագեցած ռեպորտաժներով այդ հաղթանակների ողջ բերկրանքը լիարժեք փոխանցել մարզասերներին:

Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գագիկ Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում: