Տպել
01.07.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 1-ին ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը:

Ողջունելով հյուրին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը:

Հյուրի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, խոսել առկա մարտահրավերների մասին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից, հայ-թուրքական հարաբերություններից:

Արտակ Զաքարյանը նշել է, որ ՀՀ-ն վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն` հաշվի առնելով տարածաշրջանում առկա բազմաթիվ խնդիրները եւ անվտանգության ապահովման ու կայուն զարգացման անհրաժեշտությունը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Արտակ Զաքարյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման վերաբերյալ, ինչն ապակայունացման վտանգ է ստեղծում տարածաշրջանում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ Հայաստանն ակնկալում է, որ միջազգային կազմակերպությունները հավասարաչափ եւ հավասարակշռված վերաբերմունք կունենան Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանն այն դիտարկում է առանց նախապայմանների, փոխշահավետ համագործակցության հաստատման համատեքստում, ինչն արտացոլված է դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում, որոնք թուրքական կողմի ոչ համարժեք ու անպատասխանատու քայլերի պատճառով չեն վավերացվել:

Արտակ Զաքարյանը նաեւ խոսել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունից` նշելով, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, շարունակում է փոխշահավետ գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիք Գըրը կարեւորել է Հայաստանի՝ տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված դերակատարությունը: Նա խոսել է ՀՀ-ին քաղաքական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Հյուրը կարեւորել է ԼՂՀ հարցում խաղաղ կարգավորումը եւ նշել, որ ԵԱՀԿ ՄԽ-ը կարեւոր աշխատանք է կատարում այդ գործում եւ անհրաժեշտ է աջակցել նրա ջանքերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հակամարտող կողմերի ժողովուրդների միջեւ փոխադարձ վստահության կառուցման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...