Տպել
17.09.2015
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը եւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության խորհրդական Կորնելիա Պեռլեի հետ:

Տիկին Պեռլեն, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, տեղեկացրել է, որ ԵԽ ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինությունը տարբեր մակարդակներում զբաղվում է ընտրական գործընթացներում շահագրգիռ կողմերին աջակցություն ցուցաբերելով, ուստի այդ նպատակով հանդիպումներ են եղել եւ սպասվում թե քաղաքական կուսակցությունների, թե այլ շահագիգիռ կազմակերպությունների հետ: Հյուրը տեղեկացրել է, որ կազմակերպությունը հետաքրքրվում է նաեւ ընտրական գործընթացներում կանանց ներգրավվածությամբ եւ մասնակցությամբ:

ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը տեղեկացրել է, որ Հայաստանը, լինելով եվրոպական արժեքների կրող եւ ջատագով, ակտիվորեն համագործակցում է եվրոպական տարբեր կառույցների հետ, կարեւորում այդ արդյունավետ համագործակցությունը: Մարգարիտ Եսայանը, խոսելով ժողովրդավարության հարցերից, տեղեկացրել է, որ առաջիկա նոյեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որին դիտորդական առաքելությամբ եվրոպական կառույցներից շատերը, դրանց թվում նաեւ՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, հրաժարվել են մասնակցելուց, քանի որ ԵԽԽՎ շատ պատգամավորներ, որոնք նույնիսկ մասնավոր այցով եղել են ԼՂՀ-ում, հայտնվել են Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Մարգարիտ Եսայանը տեղեկացրել է, որ միայն ԵԽԽՎ-ն է, որ դիտորդական առաքելությամբ մասնակցելու է այդ ընտրություններին՝ նախապես մասնակիցների վերաբերյալ ցուցակ ներկայացնելով Ադրբեջանի իշխանություններին: Տիկին Եսայանն անհրաժեշտ է համարել, որպեսզի եվրոպական որոշ միջազգային կառույցներ հրաժարվեն երկակի ստանդարտներ կիրառելուց:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանն առավել կառուցողական համագործակցության նպատակով ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք, ըստ նրա, կնպաստեն ընտրական գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելուն եւ անցկացնելուն:

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, խոսել խմբակցության ներկայացրած առաջարկներից, պատրաստակամություն հայտնել համագործակցելու:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ կուսակցությունների ֆինանսական թափանցիկությանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին, կանանց ներկայացվածությանը կուսակցություններում եւ ԱԺ խմբակցություններում, դիտորդական առաքելությունների զեկույցներին եւ նրանց հանձնարարականների կատարմանը եւ այլն:

Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համագործակցությունը շարունակել գործնական հարթությունում: