Տպել
29.09.2015
ՀՀ-ում Իրանի դեսպանին ընդունել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը
1 / 1

ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին՝ դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:

Բարձր գնահատելով եւ արժեւորելով Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա բազմակողմ հարաբերությունները, Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ բարեկամական հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում նշանակալի ներդրում է ունեցել նաեւ դեսպան Ռեյիսին: Վահրամ Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ դարերի պատմություն, ինչպես նաեւ պատմամշակութային հարուստ ավանդույթներ եւ կապեր ունեցող երկու երկրների օրինակելի հարաբերությունները կշարունակվեն նաեւ եկող դեսպանի պաշտոնավարման ընթացքում:

Դեսպան Ռեյիսին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար եւ վստահեցրել, որ, անկախ զբաղեցրած պաշտոնից՝ շարունակելու է մնալ Հայաստանի ջերմ բարեկամը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, արտաքին քաղաքականության հարցերին: Վահրամ Բաղդասարյանը կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը: