Տպել
29.09.2015
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Սեպտեմբերի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ողջունելով դեսպանին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել նրա կատարած աշխատանքը խորհրդարանների միջեւ հարաբերությունները զարգացնելու գործում: Խոսելով միջխորհրդարանական հարաբերություններից՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է Իրանի Մեջլիսի հետ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ ընդգծել խորհրդարանական կապերը նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը: Ըստ Արտակ Զաքարյանի՝ ժամանակակից աշխարհում խորհրդարաններն աստիճանաբար ստանձնում են կարեւոր դերակատարություն անվտանգության եւ համագործակցության հարցերում: Արտակ Զաքարյանը հետագա հաջողություններ է մաղթել դեսպանին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ ընդունելության համար՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը եւս կարեւորել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Նա գոհունակություն է հայտնել Արտակ Զաքարյանին՝ երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացմանը նպաստելու եւ իր պաշտոնավարման տարիներին ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար եւ հավաստիացրել, որ ինքը միշտ կմնա հայ ժողովրդի բարեկամը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Արտակ Զաքարյանը կարեւորել է տարածաշրջանային խնդիրների առնչությամբ, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը: