Տպել
02.10.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 4

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հոկտեմբերի 2-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ով, հիմնավորելով օրենքում նախատեսվող լրացումներն ու հաշվի առնելով շինարարության ծավալների ընդլայնման միտումները, կարեւորել է շինարարի աշխատանքը: Նա նշել է, որ նախագիծը նպատակ ունի խրախուսել շինարարի աշխատանքը` տալով նրան վաստակավոր շինարարի կոչում: Շինարարության ոլորտում ընդգրկված են հմուտ կազմակերպիչներ, բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ, վարպետներ, ովքեր մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում, եւ անհրաժեշտ է հավուր պատշաճի գնահատել նրանց աշխատանքը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ նախագծի ընդունմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք կվերապահվի ուղղիչ հիմնարկներում եւ կալանավորվածներին պահելու վայրերում? համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետին, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրերում? համապատասխան ղեկավարին: Այսպես` հնարավորինս կկանխվի արգելված առարկաների ներթափանցումը համապատասխան հիմնարկներ:

Ներկայացված երկու նախագծերն էլ հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

Նույն օրը ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է երկու օրինագծեր, որոնք ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Առաջին՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, առաջարկվում է սահմանել, որ 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների /բացառությամբ Երեւան քաղաքի/ աշխատակազմերի մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները ձեւավորվում են հետեւյալ հարաբերակցությամբ. երկուսը՝ համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչներ, երկուսը՝ համապատասխան համայնքի աշխատակազմի ներկայացուցիչներ /համայնքի ղեկավար, տեղակալ, խորհրդական, աշխատակազմի համայնքային ծառայողներ/, մեկը՝ համայնքի ավագանու անդամ, իսկը մեկն էլ՝ գիտական եւ ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչ: Մրցութային հանձնաժողովն օրենքի պահանջով կձեւավորվի մրցույթից 24 ժամ առաջ: Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է մինչեւ 2018 թվականը թույլատրել, որպեսզի որոշ փոքրաթիվ համայնքներում համայնքի քարտուղարի պաշտոնում աշխատել կարողանան բարձրագույն կրթություն չունեցող անձինք:

Երկրորդ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է համայնքի քառամյա զարգացման ծրագրի մեթոդաբանությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ նախագիծը լրամշակվել է, ընդունվել են մի շարք առաջարկներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2016 -2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը նշել է, որ ՀՀ 2016- 2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը բխում է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներից եւ սահմանում է 2016 -2018 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղություններն ըստ վիճակագրության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական բնագավառների: Նա հավելել է, որ ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները բխում են նաեւ նախորդ տարիների եռամյա ծրագրերով սահմանված ռազմավարական ուղղություններից եւ միտված են դրանց շարունակականության ապահովմանը :

Նա նշել է, որ ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունից ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը եւ տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Ներկայացված նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Նույն օրը ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը:

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է օրակարգի առաջին հարցը՝ «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Արմեն Եղիազարյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն: Այդ համատեքստում անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, անասնաբուծության ենթաոլորտում, իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկված օրենսդրական կարգավորումը քաղաքացիների եւ տնտեսավարող սուբյեկտների համար առաջարկելու է տոհմանյութի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին տոհմանյութի հավաստագրման կամավոր սկզբունք եւ դրա տեսակից կախված հավաստագրման ժամկետներ. արդյունքում կնվազեցվեն այդ սուբյեկտների կողմից կատարվող ծախսերը: Նա նշել է, որ առաջարկվում է «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով ամրագրել, որ ՀՀ կառավարությունը սահմանում է տոհմանյութի հավաստագրման ժամկետները՝ տեսակից կախված, 3-րդ գլուխը լրացնել տոհմանյութի հավաստագրման վերաբերյալ նոր հոդվածով, որով կսահմանվի, որ Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքներով:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Արմեն Ավետիսյանը նշել է, որ հեշտացվում է տնտեսվարողների գործը, սակայն նրանք պիտի գործեն որոշակի նորմերի համապատասխան: Արմեն Ավետիսյանն առաջարկել է վերահսկողություն սահմանել տոհմային կենդանիների բուծմամբ զբաղվող տնտեսությունների գործունեության նկատմամբ, որպեսզի փարատվեն մտավախությունները՝ կապված տոհմանյութի արտադրության, որակի եւ պահպանման հետ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը ներկայացրել է «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրգանական գյուղատնտեսական արտադրանքն ունի արտադրության եւ արտահանման ծավալային աճի մեծ ներուժ եւ անհրաժեշտ է ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել ԵԱՏՄ եւ միջազգային ընդունված պահանջներին:

Ռոբերտ Մակարյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ արգելվում է կաթի, կաթնամթերքի տուփի վրա նշել «բիոլոգիական» բառը, եթե այն հավաստագրում չի անցել: Այս նախագծով առաջարկվում է այդ արգելքը հանել միայն կաթի եւ կաթնամթերքի մասով՝ օգտագործելով «բիոլոգիական» բառը, եթե դրանցում կան բնական բիֆիդոբակտերիաներ. մասնավորապես, խոսքը մածունի եւ կեֆիրի մասին է:

Օրակարգում ընդգրկված օրենքների երկու նախագծերը հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում ընդգրկվել են ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: