Տպել
05.10.2015
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի այցը մի շարք զորամասեր
1 / 5

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Աբրահամ Մանուկյանը, Առաքել Մովսիսյանը, Արթուր Ստեփանյանը, Միքայել Մանուկյանը եւ Թեւան Պողոսյանը հոկտեմբերի 2-ին այցելել են ՀՀ ՊՆ N հրթիռային զորամաս եւ ՀՀ ՊՆ դիպուկահարների դպրոց: Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ ԶՈՒ կազմում ընդգրկված հարձակողական սպառազինությանը, զորքերի պատրաստականությանը, նյութատեխնիկական բազային եւ քննարկելու հրթիռահրետանային զինատեսակին առնչվող հարցեր: Հրամանատարական կազմի հետ քննարկման ընթացքում ներկայացվել են զորամասի հնարավորությունները, իրականացվող բարեփոխումները, հարձակողական սպառազինության արդիականացման, կադրերի վերապատրաստման եւ նոր սպառազինությամբ համալրման ծրագրերը:

Դիպուկահարների դպրոցում կատարած շրջայցի ընթացքում հանձնաժողովի անդամները ծանոթացել են դպրոցի կառուցվածքին, ուսումնական հնարավորություններին եւ  քննարկել օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ փոխգործակցության ու փորձի փոխանակման հեռանկարները:

Նույն օրը հանձնաժողովի անդամներն այցելել են նաեւ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծման հետեւանքով վիրավորված զինծառայողներին տեսակցելու նպատակով: Հանձնաժողովի անդամները ծանոթացել են նրանց բուժման ընթացքին, զրուցել բուժող անձնակազմի, զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների հետ` մաղթելով նրանց առողջություն եւ շուտափույթ ապաքինում: Հոսպիտալի պետի հետ քննարկվել են նաեւ ռազմաբժշկական ոլորտին եւ մասնավորապես Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի  գործունեության  վերաբերյալ հարցեր: