Տպել
05.10.2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
1 / 12

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա առթիվ կրթության բանագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի եւ Երեւանի մի խումբ մանկավարժների: Պարգեւատրման արարողությանը ներկա են եղել Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ինչպես նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Շուրջ քառասուն մանկավարժ պարգեւատրվել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալներով, շնորհակալագրերով եւ պատվոգրերով:
Շնորհավորելով մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ՝ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Դուք ներկայացնում եք ոչ թե մասնագիտություն, այլ մարդկային տեսակ, որը պարտականություն է ստանձնել հայրենիքի առջեւ: Կրթելով հայ մանկանն ու պատանուն՝ դուք դաստիարակում եք քաղաքացի, դնում հայրենասիրության, ազգասիրության, գրագիտության հիմնաքարը: Այս պարգեւները ձեր նվիրման, անձնվեր գործունեության համեստ գնահատականն են»: Կրկին շնորհավորելով ուսուցիչներին՝ Ազգային ժողովի նախագահը մաղթել է նրանց մասնագիտական հաջողություններ, բարեկեցություն եւ լավատեսություն: