Տպել
05.10.2015
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, խմբի անդամներ Արտակ Դավթյանը, Թեւան Պողոսյանը, Արամ Մանուկյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ ԱԺ պատգամավորներ Նաիրա Կարապետյանն ու Շուշան Պետրոսյանը հանդիպել են ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանության ժամանակավոր հավատարմատար Մարտեն Էնբերգի, Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի վարչության պետի տեղակալ Թերեզ Հյուդենի եւ Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության` Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի Հանրապետությունների քաղաքական հարցերով պատասխանատու Մարտին Ֆրեդրիկսոնը եւ  Հայաստանում ու Վրաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Մարտինա Քուիքի հետ:

Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ողջունելով հյուրերին, կարեւորել է ՀՀ ԱԺ եւ Շվեդիայի Ռիքսդագի միջեւ կապերի զարգացման միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը: Նա նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է երկու երկրների տնտեսական, մշակութային, քաղաքական կապերի խորացման հարցում:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները կարեւորել են միջխորհրդարանական կազմակերպություններում համագործակցության հետագա խթանումը, ինչպես նաեւ համագործակցությունն Արեւելյան գործընկերության համատեքստում:

Անդրադարձ է կատարվել նաեւ նոյեմբերի 2-3-ը Սթոքհոլմում նախատեսվող բարեկամական խմբերի առաջին համատեղ նիստի աշխատանքներին:

Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամները շնորհակալություն են հայտնել Շվեդիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու, ինչպես նաեւ ԼՂ կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշման համար: Նրանք անդրադարձել են նաեւ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած դեպքերին, ներկայացրել են դրանք ծնող պատճառները: Հայ-շվեդական բարեկամական խմբի անդամները նշել են, որ ադրբեջանական իշխանությունները շատ հաճախ ռազմական գործողությունների ուժեղացման են գնում ոչ միայն բանակցային գործընթացը ձախողելու համար կամ ներքաղաքական-տնտեսական իրողություններից ելնելով, այլեւ նաեւ ոգեւորված են այն հայտարարություններից, որոնք հավասարության նշան են դնում հակամարտության կողմերի պատասխանատվության հարցում եւ թիրախավորված չեն քննադատում հակամարտության այն կողմին, որն իրականացնում է ռազմական գործողություններ:

Շվեդ գործընկերները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար եւ վստահեցրել, որ քննարկումները շարունակական են լինելու: Նրանք խոսել են կանանց կազմակերպությունների միջեւ համագործակցության, ինչպես նաեւ մշակութային ոլորտում փոխգործակցության կարեւորության մասին: