Տպել
06.10.2015
Տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը
1 / 4

Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի ու Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն արդյունավետ է գնահատել պատվիրակության աշխատանքն այս նստաշրջանի ընթացքում: Նա նշել է, որ ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում թեպետ Հայաստանին ուղղակիորեն առնչվող զեկույցներ չեն եղել, սակայն, պատվիրակությունն ակտիվ եւ լարված աշխատել է: Պատվիրակությունը ներգրավված է եղել ԵԽԽՎ մշտական հանձնաժողովների ընթացիկ աշխատանքներում: Տիկին Նաղդալյանը նշել է, որ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ընդունվել է հայտարարություն, որը, պատվիրակության ղեկավարի գնահատմամբ, ամփոփիչ գնահատական է՝ կապված սահմանադրական բարեփոխումների դրական ընթացքի հետ: ԱԺ փոխնախագահը հայտարարության մեջ առանձնակի կարեւորել է այն շեշտադրումը, որով ԵԽԽՎ-ն ամրագրում է, որ տեղի ունենալիք հանրաքվեն համաժողովրդական գնահատականն է լինելու եւ կոչ անում բոլոր քաղաքական ուժերին՝ անելու հնարավորը, որ այն անցնի միջազգային չափորոշիչներին համապատասխան, եւ ժողովուրդը կարողանա իր որոշումը կայացնել:

Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է նաեւ վեհաժողովի մյուս հանձնաժողովներում իրականացված աշխատանքին: «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով փաստաթղթի զեկուցող Ռոբերտ Վոլտերը Քաղաքական հանձնաժողովում կրկին ներկայացրել է տեղեկատվություն զեկույցի ընթացքի վերաբերյալ: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ թե՛ այս զեկույցի, թե՛ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի մասով նույն ձեռագիրն է գործում՝ ժամանակ ձգել եւ չգնալ ԼՂ իշխանությունների հետ համագործակցության, մինչդեռ հայկական պատվիրակության պահանջն է՝ Լեռնային Ղարաբաղի կամ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցներ պատրաստելուց առաջ զեկուցողը պետք է այցելի այդ երկիր կամ այդ տարածք, շփումներ ունենա ԼՂ իշխանությունների հետ ու փաստահավաք առաքելություն իրականացնի: «ՀՀ պատվիրակության պահանջը տրամաբանական է եւ մեզ համար կարեւոր է, որ վեհաժողովը համագործակցության գնա ԼՂ-ի հետ»,- նշել է տիկին Նաղդալյանը:

Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ԵԽԽՎ նիստերում եվրոպացի պատվիրակները բազմիցս դժգոհություն են հայտնել եւ նշել, որ Եվրոպայի համար անընդունելի են Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումները:

Պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանն ի հավելումն վերոգրյալի՝ նշել է, որ պատվիրակությունը միացել է երկու առաջարկի: Դրանցից մեկն առնչվում է ԵԽԽՎ զեկուցողների՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված փաստաթղթին, որը, տիկին Կարապետյանի համոզմամբ, եւս մեկ քայլ է՝ կանխելու «խավիարի» տարածումը Եվրոպայում: ՀՀ ԱԺ պատվիրակությունը միացել է կատալոնացի պատգամավորի նախաձեռնած փաստաթղթին, որում ամրագրվում է ազգերի ինքնորոշման իրավունքը:

Նաիրա Կարապետյանը նշել է, որ իր ելույթում անդրադարձել է Եվրոպայում առաջացած միգրացիոն ճգնաժամին, այդ գործընթացին Հայաստանի մասնակցությանը, Սիրիայում եւ Իրաքում մեր հայրենակիցների վիճակին: Այս համատեքստում տիկին Կարապետյանը եվրոպացի գործընկերներին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին:

Վահան Բաբայանը տեղեկացրել է, որ պատվիրակությունը դիվանագիտական հարթակում ըստ արժանվույն հակահարված է տվել հակառակորդներին: Իր ելույթներում պարոն Բաբայանն անդրադարձել է սահմանային ռեժիմի խախտման դեպքերին, սահմանային լարվածությանը, Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը, ՄԻԵԴ ընդունած «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» որոշումներին եւ ուշադրություն հրավիրել ադրբեջանական կողմի իրականությունը խեղաթյուրող շահարկումների վրա:

Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...