Տպել
08.10.2015
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի մամուլի ասուլիսը
1 / 2

Ազգային ժողովում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի մամուլի ասուլիսը` «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի անցկացումը Երեւանում» թեմայով: ԱԺ պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 9-11-ը Հայաստանում են գտնվելու շուրջ 500 պատվիրակներ աշխարհի 80 երկրներից` 5 մայրցամաքներից, որոնք ներկայացնում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը: Այդ առիթով Հայաստան կայցելի նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայել Ժանը, ով, ամենայն հավանականությամբ, կհյուրընկալվի նաեւ խորհրդարանում: Տիկին Եսայանը նշել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ նման ներկայացուցչական մեծ վեհաժողով երբեւէ տեղի չի ունեցել: «Մեր երկրի արտաքին գործերի նախարարության եւ նախարար Նալբանդյանի հետեւողական աշխատանքի շնորհիվ էր, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը դեռ անցյալ տարի որոշում կայացրեց 2015-ի նախարարական համաժողովի անցկացումը վստահել Հայաստանին»,-նշել է պատգամավորը:

Պատվիրակության ղեկավարը համաժողովի կազմակերպման գործում բարձր է գնահատել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի ներդրումն ու ջանքերը: Պատգամավորը կարեւորել է, որ համաժողովն անցկացվում է Երեւանում եւ հատկապես 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում: «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այն կազմակերպությունն է, որտեղ երկու անգամ ընդունվել է բանաձեւ, ըստ որի ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների մակարդակով իրենց լիակատար աջակցությունն են ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, ինչը եւ համընկնում է մեր երկրի դիրքորոշմանը: Մեր դիվանագիտության հետեւողական գործունեության շնորհիվ բանաձեւերն ընդունվեցին այն պայմաններում, երբ կազմակերպությանն անդամակցում են բազմաթիվ երկրներ, որոնք անդամ են նաեւ Իսլամական համագործակցության կազմակերպությունը եւ Չմիավորված երկրների շարժումը: Փաստորեն, ֆրանկոֆոնիայի շրջանակներում նրանք եւս արտահայտեցին մի դիրքորոշում, որը լիովին արտացոլում է մեր երկրի մոտեցումը: Սա եւ այլ քայլեր եւս համարում եմ մեր երկրի արտաքին քաղաքականության հաղթանակներ»,-ասել է պատվիրակության ղեկավարը:

Մարգարիտ Եսայանի խոսքով` 2008 թվականից հետո այս միջազգային կազմակերպության հետ հարաբերությունները շատ ավելի են խորացել եւ ակտիվացել, քանի որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության նոր ուղեգծում կարեւորել է նաեւ այս միջազգային հարթակը: «Հայաստանը միջազգային կառույցների համար որքան լինի ընկալելի, հասկանալի եւ բաց, այնքան իր խնդիրները բարեկամական վերաբերմունքի շնորհիվ կլինեն հասանելի, ընկալելի եւ լուծելի»,-նշել է պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Շարունակելով խոսել վեհաժողովի դրական կողմերի մասին` տիկին Եսայանը նկատել է, որ այն Հայաստանի համար շահավետ կլինի նաեւ ֆինանսական եւ զբոսաշրջային տեսանկյունից:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: