Տպել
09.10.2015
Տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը
1 / 3

Հոկտեմբերի 9-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքը: Նախքան օրակարգի հաստատումը, տեղի է ունեցել ԵԽ նոր անդամների երդմնակալության արարողությունը:

Օրակարգում ներառված էր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը քննարկելու վերաբերյալ հարցը:

Մտքերի փոխանակության ընթացքում ԵԽ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կարեն Ամիրյանն իր ելույթում նշել է, որ Սահմանադրությունը` որպես հասարակական հիմնարար ուղենիշ, պետք է հանդիսանա «Որոգայթ փառաց»՝ ուղղված լինելով իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքի ամրապնդմանը, ապահովելով գործառույթ-ինստիտուտ–լիազորություններ եռամիասնության ներդաշնակությունը, ողջամիտ հավասարակշռվածությունը քաղաքական մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ:

ԵԽ անդամ Գոհար Մկոյանը նշել է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծով երեխաների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմներ են առաջարկվում:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Թադեւոսյանը բնական է համարել սահմանադրական բարեփոխումների շուրջ ընթացող թեժ քննարկումները, որոնք, ըստ նրա, հանգեցրել են նոր գաղափարների եւ առաջարկների ի հայտ գալուն: Նրա կարծիքով՝ Սահմանադրության փոփոխությունը կարեւոր է հատկապես քաղաքացիների՝ երկրի կառավարման գործընթացին ներգրավվածության ընդլայնմամբ:

Նիստում Երիտասարդական խորհրդարանի անդամները հանդես են եկել հայտարարություններով:

Երիտասարդական խորհրդարանն ավարտել է աշխատանքը: