Տպել
21.10.2015
Տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ
1 / 1

Հոկտեմբերի 21-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկել է պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:

Պատգամավոր Թեւան Պողոսյանն առաջարկել է գովազդի հեռարձակման ժամանակ արգելել գովազդակրի կողմից ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացումը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2007-2011 թվականներին մեր երկրում՝ հատկապես երեխաների շրջանում, նկատվել է նյարդային համակարգի եւ զգայարանների հիվանդությունների աճ: Հետեւաբար գովազդի հեռարձակման ժամանակ գովազդակրի կողմից ձայնային ազդանշանների կտրուկ բարձրացումը ոչ միայն կարող է հանգեցնել սթրեսային հիվանդությունների առաջացման, այլեւ լսողական օրգանների ֆունկցիոնալ խանգարման:

Պատգամավորի տեղեկացմամբ՝ օրենքի խախտումը կառաջացնի նաեւ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հանձնաժողովի անդամները առաջարկել են տուգանքի չափը եւս մեկ անգամ քննարկել, քանի որ տուգանվելու դեպքում հեռուստաընկերությունները կհայտնվեն դժվարին իրավիճակում:

Հարակից զեկույցում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել է, որ նախարարությունը կողմ է ոլորտի կարգավորմանը, եւ նշել, որ օրենքում առկա որոշ ձեւակերպումներ պետք է փոփոխել:

Փաթեթն ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի հոկտեմբերի 26-29-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:


21.10.2015
Գալուստ Սահակյանը մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի նիստին
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 22-24-ը մեկնելու է Վենետիկ:Այցի ընթացքում ԱԺ նախագահին ուղեկցելու է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: ...