Տպել
30.10.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

Ողջունելով հյուրին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել Արգենտինայի հետ բարեկամական հարաբերություններն ու երկկողմ համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայ-արգենտինական համագործակցությունն ունի պատմական հիմքեր` ամրապնդված երկու երկրների ու ժողովուրդների միջեւ փոխադարձ աջակցությամբ եւ վստահելի ու գործընկերային ամուր կապերով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են նախորդ տարի ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Արգենտինա, ինչը խթանել է երկու երկրների միջեւ հետագա համագործակցության զարգացումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` Արտակ Զաքարյանը կարեւորել է այդ հարցում Արգենտինայի պաշտոնական դիրքորոշումը, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության դիրքորոշմանը: Նա նաեւ նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ են նաեւ միջազգային հանրության ջանքերը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը եւ հայ հասարակությունը բարձր են գնահատում 2006 թվականին Արգենտինայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը` որպես երկու երկրների միջխորհրդարանական կապերին առանձնակի բովանդակություն հաղորդող ազդակ: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Արգենտինայի բարձրաստիճան պատվիրակության մասնակցության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական կապերի աշխուժացումը, Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ մշակութային եւ հումանիտար կապերի խորացումը:

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հնարավորությունները եւ դրանց զարգացման հեռանկարները:

Հանդիպման ավարտին դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաեւ պատգամավորների միջեւ գործնական եւ աշխատանքային հարաբերությունների խթանումը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը: