Տպել
05.11.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկային:

Ողջունելով կարդինալ Դոմինիկ Դուկային Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Լավատեղյակ եմ Ձեր ծավալած գործունեությանը, որով նպաստում եք քրիստոնեական հավատքի, հոգեւոր-բարոյական արժեքների ամրապնդմանը, մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը, ինչպես նաեւ աշխարհում խաղաղության եւ համերաշխության հաստատմանը:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով եւ այս համատեքստում կարեւորում ենք եկեղեցիների փոխգործակցությունը»:

ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել կարդինալին՝ հայ ժողովրդի եւ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ ունեցած նրա վերաբերմունքի, ինչպես նաեւ այն ջանքերի համար, որոնց շնորհիվ Պրահայի կենտրոնում տեղադրվեց հայկական առաջին խաչքարը, որի օրհնության կարգին մասնակցել է նաեւ կարդինալը:

Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել կարդինալ Դուկայի ջանքերը Պրահայի հայերի ցանկությունն իրականություն դարձնելու գործում. նրա ջանքերի շնորհիվ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին:

ՀՀ ԱԺ նախագահն իր մտահոգությունն է հայտնել Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի շուրջ եւ նշել, որ այս տարածաշրջանի երկրները, որտեղ դարեր շարունակ քրիստոնյաներ են ապրել, այսօր գտնվում են ճգնաժամի մեջ:

Գալուստ Սահակյանը Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը, Նախիջեւանում Ջուղայի դարավոր խաչքարերի ավերումը համարել է Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր քրիստոնեական հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունը եւ որակել որպես մշակութային ցեղասպանություն:

Անդրադառնալով կարդինալ Դոմինիկ Դուկայի մասնակցությանը ապրիլքսանչորսյան միջոցառումներին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ ամբողջ աշխարհից Հայաստան ժամանած պաշտոնյաների ներկայությունը համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունն է:

Ամփոփելով իր խոսքը՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ կգա այն օրը, երբ մեր տարածաշրջանը կապրի խաղաղության մեջ, համամարդկային արժեքները որոշիչ կլինեն միջպետական հարաբերություններում, եւ մեր ժողովուրդները պատերազմելու փոխարեն տներ, այգիներ եւ եկեղեցին կկառուցեն:

Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Դոմինիկ Դուկան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայ ժողովրդի եւ հայոց եկեղեցու հետ փոխհարաբերությունները պիտի վերադարձնել առաքելական ժամանակաշրջան եւ համագործակցել որպես քրիստոնյա ժողովուրդներ: Կարդինալը կարեւորել է իր այցելությունը աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովրդի խորհրդարան: Անդրադառնալով հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությանը՝ կարդինալ Դուկան նշել է, որ Դոմինիկյան վանքերում նույնպես շատ կան հայ արվեստագետների հրաշալի ստեղծագործություններ, որոնք պետք է ցուցադրվեն աշխարհին:

Խոսելով բազմազգ եւ մշակութային հարուստ ժառանգություն ունեցող Պրահայի մասին՝ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը փաստել է, որ հենց Պրահայի բնակիչ Ֆրանց Վերֆելն է առաջիններից մեկը բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին՝ հրավիրելով աշխարհի ուշադրությունը: