Տպել
19.11.2015
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած նիստում քննարկել է 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը նշել է, որ արձանագրությունը սահմանում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների առանձին տեսակների ներմուծման եւ շրջանառության կարգավորման առանձնահատկությունները՝ կապված Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության անդամակցության հետ:

Քննարկված արձանագրությունը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

Հանձնաժողովը նաեւ քննարկել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենքի ուժով Թուրքիայի Հանրապետության դատապարտումը` Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Արեւելյան Հայաստանի (զգալի մասը) տարածքների բռնազավթման եւ հայերի Մեծ հայրենազրկման իրողության վերաբերյալ:

Օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումը եւ ընդունումը:

Քննարկումից հետո տեղի ունեցած քվեարկության արդյունքում հեղինակի նախաձեռնությունը հանձնաժողովում չի ստացել դրական եզրակացություն:

Հանձնաժողովի անդամները ամփոփել են «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ արտաքին բնագավառին վերաբերող քննարկումները:



06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...