Տպել
11.12.2015
Հանդիպում-քննարկում ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 5

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել է Երեւանի Գեւորգ Էմինի անվան համար 182 ավագ դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ: Հանդիպում-քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ներկայացուցիչները եւ Հյուսիսային համալսարանի սաները: Քննարկումների առանցքում եղել է «Դպրոց, զինված ուժեր եւ խորհրդարան» թեման:

Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ոլորտները եւ կատարած աշխատանքը: Նա հանդիպումը կարեւորել է ոչ միայն հայրենասեր եւ ակտիվ աշակերտներին խրախուսելու, այլեւ դպրոց-խորհրդարան-զինված ուժեր-ոստիկանություն կապն ամրապնդելու տեսանկյունից: Հանձնաժողովի նախագահը կարեւոր է համարել ռազմական գործի նկատմամբ դպրոցականների հետաքրքրության մեծացումը, ինչին միտված է նաեւ այս հանդիպումը: Նա հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում աշակերտները կլսեն իրենց հուզող հարցերի պատասխանները, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները կպարզեն, թե իրենց ոլորտներում ինչն է հետաքրքրում պատանիներին, ինչպես կարող են ավելի գրավիչ դարձնել իրենց մասնագիտությունները, իսկ հանձնաժողովը կարձանագրի, թե ոլորտին բնորոշ ինչ հարցեր են հետաքրքրում պատանիներին:

Այնուհետեւ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Վիրաբ Հայրիկյանը, ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտ Նարինե Մուրադյանը եւ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի կուրսանտ Սամվել Սմբատյանը ներկայացրել են ուսումնական հաստատությունների առօրյան, խնդիրներն ու առանձնահատկությունները, ուսուցանվող մասնագիտությունները, համագործակցության ոլորտները: Անդրադարձ է կատարվել Հայոց բանակի սպայական անձնակազմի համալրման խնդրին, աղջիկների՝ բանակում ծառայելու նպատակահարմարությանը, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանը, երկրի ներքին անվտանգությանն ու հասարակական կարգուկանոնի պահպանմանն առնչվող հարցերի:

Հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը եւս ներկայացրել են հզոր ու անվտանգ պետություն ունենալու իրենց տեսլականը եւ այդ հարցում առանձնակի կարեւորել կիրթ, բանիմաց ու հայրենասեր երիտասարդների դերակատարությունը:

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է առավել անկաշկանդ եւ առարկայական մթնոլորտում. աշակերտները բազմաթիվ հարցեր են ուղղել հանձնաժողովի անդամներին եւ ռազմական ու ոստիկանական հաստատությունների ներկայացուցիչներին, որոնք վերաբերել են ուսումը ռազմական եւ ոստիկանական կրթօջախներում շարունակելու հեռանկարներին, աղջիկների եւ տղաների համար ստեղծված պայմաններին, ազգային անվտանգության բնագավառում մեր երկրի ձեռնարկած քայլերին, իրականացված Սահմանադրության փոփոխություններին, ԼՂ հակամարտության շուրջ առաջիկա զարգացումներին, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին եւ այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի քայլերին, հայ-ադրբեջանական հարաբերություններին, հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը, Ադրբեջանում իշխանափոխության հնարավորությանը եւ տարածաշրջանային ու համաշխարհային այլ խնդիրների:

Հանդիպման մասնակիցներն իրենց ելույթներում կարեւորել են նման հանդիպումների շարունակականությունը եւ ընդգծել, որ այն եւս մեկ քայլ է պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդման համար:

Հանդիպումն ավարտվել է աշակերտներին մասնագիտական գրքերի հանձնմամբ:


26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...