Տպել
10.02.2016
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները
1 / 1

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ փետրվարի 10-ին հրավիրել էր արտահերթ նիստ` հաստատելու Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումների ներկայացումը եւ քննարկելու «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու հարցը քննարկելու հատուկ ընթացակարգի մասին» հանձնաժողովի որոշումը:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը ստացել է 4 դիմում. ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Հովհաննես Մարգարյանը առաջադրել են ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, Տիգրան Ուրիխանյանն առաջադրել է Նարեկ Ալոյանի թեկնածությունը, պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Գագիկ Մելիքյանը, Ռոբերտ Սարգսյանը, Հրանտ Գրիգորյանը, Լեւոն Մարտիրոսյանը եւ Վահրամ Մկրտչյանն առաջադրել են Արման Թաթոյանի թեկնածությունը, իսկ Նաիրա Զոհրաբյանն առաջադրել է Մակար Եղիազարյանի թեկնածությունը, որը, սակայն, չի հաստատվել` իրավական հիմքի բացակայության պատճառով: Պարոն Սահակյանը նշել է, որ ի դեմս Տիգրան Ուրիխանյանի` ԲՀԿ խմբակցության կողմից մեկ թեկնածուի դիմում արդեն ներկայացվել էր, հետեւաբար Նաիրա Զոհրաբյանն այլեւս չէր կարող թեկնածու առաջադրել:

Հանձնաժողովը հաստատել է թեկնածուների առաջադրումը:

Քննարկելով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու հարցը քննարկելու հատուկ ընթացակարգը` հանձնաժողովը որոշել է յուրաքանչյուր թեկնածու առաջադրած պատգամավորին (պատգամավորներից մեկին) իր (իրենց) իսկ առաջադրած թեկնածուին ներկայացնելու համար տրամադրել 20 րոպե, իսկ հարցուպատասխանի համար` 5 րոպե:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 12-ին հրավիրված նիստում հանձնաժողովի անդամներն ընտրություն կկատարեն դիմումներ ներկայացրած Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների միջեւ: