Տպել
18.02.2016
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
1 / 3

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 17-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

Ողջունելով դեսպանին՝ Կորյուն Նահապետյանը շնորհավորել է նրան Հայաստանում մեկամյա դիվանագիտական առաքելության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են կառուցողական հունով, նոր որակով եւ ընդգրկում են բազմաթիվ ուղղություններ:

Պաշտպանության ոլորտում համագործակցության ձեռքբերումներից հանձնաժողովի նախագահը մատնանշել է հայկական խաղաղապահ բրիգադի կայացումը, հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի ստեղծումը, պաշտպանութան ռազմավարական վերանայման գործընթացին ԱՄՆ խորհրդատվական աջակցությունը, «Միջազգային ռազմական կրթություն եւ վարժանք» ծրագրի շրջանակում շարունակվող համագործակցությունը: Նա բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերը Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման եւ զարգացման գործում՝ արժեւորելով գործընկերների հետ Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին եւ միջազգային անվտանգության ապահովմանը:

Կորյուն Նահապետյանը կարեւորել է նաեւ ամերիկյան կողմի աջակցությունը Հայաստանի սահմանային անվտանգության համակարգի ամրապնդմանը: Դեսպան Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ միջազգային անվտանգության ոլորտում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի գործընկերությունը շարունակում է մնալ երկկողմ հարաբերությունների առավել դինամիկ կողմերից մեկը: Նրա խոսքով՝ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը բազմակողմ ռազմական ու խաղաղապահ գործողություններում՝ Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում եւ մոտ ապագայում, թերեւս, նաեւ Մալիում:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ սահմանադրական բարեփոխումների հետագա ընթացքին՝ ընդգծելով, որ անցումային այս ժամանակաշրջանում հետեւողական աշխատանք է իրականացվելու նոր քաղաքական եւ իրավական համակարգ ձեւավորելու համար: Կարեւորվել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովների միջեւ հնարավոր համագործակցությունը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու խորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Կորյուն Նահապետյանն արձանագրել է, որ ՀՀ իշխանությունները բանակցային գործընթացում մշտապես ցուցաբերում են կառուցողական մոտեցում: «Մեր ձգտումն է տարածաշրջանում ունենալ հարատեւ խաղաղություն»,- ընդգծել է նա: ԱՄՆ դեսպանը ողջունել է այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են աջակցելու սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը: Նա նշել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը վերապահված է ԵԱՀԿ Մինսկի խմբին, եւ կողմերը պետք է պատրաստ լինեն բանակցելու:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման արդյունքում տարածաշրջանում նոր հնարավորությունների եւ հեռանկարների ստեղծմանը, սիրիական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում ապաստանած բազմաթիվ փախստականների խնդիրներին:


27.05.2024
Աշխատանքային քննարկում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 27-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում «Հանրային տեղեկատվության մասին», «Կիբեռանվտանգության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարա...

27.05.2024
Աշխատանքային քննարկման առանցքում եղել են կաթի մթերմանն առնչվող խնդիրները
Մարզեր պարբերաբար կատարած մեր այցերի ընթացքում անասնապահները բարձրաձայնում են կաթի մթերմանն առնչվող խնդիրների եւ, մասնավորապես, գնի նվազեցման փաստի մասին. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` մայիսի 27-ին...