Տպել
22.02.2016
Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը մասնակցել է Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի հերթական նիստին

Փետրվարի 18-ին Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում, տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի հերթական նիստը, որին մասնակցել է Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, վեհաժողովի փոխնախագահ Արտակ Զաքարյանը:

Նիստում քննարկվել են 2016 թ. մարտի 21-23-ը տեղի ունենալիք հինգերորդ լիագումար նիստի օրակարգին վերաբերող հարցեր: Նկատի ունենալով Արեւելյան գործընկերության շրջանակում ստեղծված իրավիճակը` բյուրոյում քննարկվել են նաեւ Եվրանեսթ ԽՎ-ի կառուցվածքի ձեւափոխման, վեհաժողովի կառույցներում ներգրավվածության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Առաջիկա լիագումար նիստում Վեհաժողովը քննարկելու եւ հաստատման է ներկայացնելու չորս զեկույց` քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ հումանիտար թեմաներով: Քաղաքական հարցերի հանձնաժողովի անունից պատրաստվող զեկույցի համահեղինակն է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, այն նվիրված է «ԵՄ եւ Արեւելյան գործընկերության անդամ պետությունների արտաքին քաղաքականությունն ու նրանց անվտանգության արտաքին սպառնալիքները» թեմային:

Բյուրոյի նիստում քննարկվել է նաեւ ադրբեջանական պատվիրակությանը վերադարձնելու նպատակով Վեհաժողովի համանախագահների՝ Բաքու մեկնելու առաջարկը, որը նախապես քննարկվել էր նաեւ Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի համատեղ խորհրդակցությունում:

Ադրբեջանի խորհրդարանը նախորդ տարվա հոկտեմբերին հատուկ նիստում որպես դժգոհության քայլ՝ ուղղված Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ քննադատական բանաձեւերի ընդունմանը, որոշում էր կայացրել դադարեցնել իր մասնակցությունը Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքներին: Այս հարցի վերաբերյալ Արտակ Զաքարյանը բյուրոյի անդամներին իր ելույթում հիշեցրել է, որ Եվրանեսթ ԽՎ-ի հիմնադրման առաջին իսկ օրվանից ադրբեջանական պատվիրակությունը հանդես է եկել հակահայկական գործունեությամբ եւ ապակառուցողական քայլերով շարունակ խաթարել է խորհրդարանական բազմակողմ գործունեության տրամաբանությունից բխող համատեղ նախաձեռնությունները:

Հայկական պատվիրակության ղեկավարը նշել է, որ դեմ չեն լինի, եթե Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահները փորձեն վերադարձնել ադրբեջանական պատվիրակությանը, բայց դա չպետք է լինի Եվրանեսթ ԽՎ-ի հեղինակության հաշվին եւ չպետք է ոգեւորի ադրբեջանցի խորհրդարանականներին՝ շարունակելու մարդու իրավունքների, ժողովրդավարության ու համաեվրոպական արժեքների դեմ ուղղված իրենց քաղաքականությունն ու գործընկեր պատվիրակություններին ուղղված սադրիչ դրսեւորումները: Արտակ Զաքարյանը կարեւոր է համարել ադրբեջանցիների կողմից այն հանգամանքի գիտակցումը, որ ոչ՛ Եվրանեսթ ԽՎ-ը եւ ոչ՛ էլ մյուս խորհրդարանական ձեւաչափերը հակամարտությունների կարգավորման հարթակներ չեն:

Արտակ Զաքարյանը հավաստիացրել է, որ Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակում հայկական պատվիրակությունը ադրբեջանական կողմին որեւէ կերպ թույլ չի տալու աղավաղել ու խեղաթյուրել ղարաբաղա-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...