Տպել
24.02.2016
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 9

Փետրվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ շարունակել են քննարկել կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ոչ սակագնային կարգավորումների համար ԵՏՄ տարածք երրորդ երկրներից ներմուծվող եւ ՀՀ-ից երրորդ երկրներ արտահանվող ապրանքների համար սահմանել 1000 դրամ նվազագույն շեմ, որպեսզի լրացուցիչ բեռ չառաջանա տնտեսվարողների համար:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Թեւան Պողոսյանը, Խոսրով Հարությունյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Հովհաննես Մարգարյանը:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը պատասխանել են պատգամավորների հարցադրումներին, անդրադարձել առաջարկներին եւ դիտողություններին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Դրամարկղային գործառնությունների մաuին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է վերանայել ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դեպքում կանխիկ վճարումների համար կիրառվող սահմանափակումները: Գործող օրենսդրությամբ՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումը չի կարող գերազանցել 3 մլն դրամը, որի սահմանափակումը խոչընդոտում է ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կանխիկ դրամով գնումներ կատարելուն: Ֆինանսների փոխնախարարի խոսքով` առաջարկվում է հանել կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումներն այն բոլոր դեպքերում, երբ վճարումներն ընդունվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դիմաց եւ տնտեսվարվող սուբյեկտներն օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս են ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվ:

Հարակից զեկույցում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրկան եզրակացությունն է ներկայացրել Վարդան Այվազյանը:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է 2015 թվականի հունիսի 15-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (կից վերապահումով), որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշել է, որ արձանագրությամբ առաջարկվում է փոփոխություն կատարել հիմնադրամի հիմնադրման մասին 2009 թվականին ստորագրված պայմանագրում: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ փոփոխության նպատակն է «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամը» վերանվանել «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամ»: Փոփոխությամբ նախատեսվում է նաեւ, որ հիմնադրամի քարտուղարության գործառույթները կվերապահվեն Եվրասիական զարգացման բանկին, իսկ հիմնադրամի ավանդապահի գործառույթները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ առաջարկվող փոփոխության արդյունքում հիմնադրամը հնարավորություն կունենա նաեւ դրամաշնորհներ տրամադրել ցածր եկամուտ ունեցող մասնակից պետություններին՝ սոցիալական եւ կրթական ծրագրերի իրականացման համար:

Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է նաեւ 2015 թվականի հունիսի 15-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (կից վերապահումով): Հիմնական զեկուցողը նշել է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս փաստաթղթում կատարվելու են միեւնույն փոփոխությունները:

Վերոնշյալ երկու փաստաթղթերի վերաբերյալ գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են նաեւ կառավարության հեղինակած «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշել է, որ փաթեթի ընդունումը հնարավորություն կտա ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող ստուգումների գործընթացը համապատասխանեցնել միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին` միաժամանակ ապահովելով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն` չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


01.07.2024
Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված 29.743 քառակուսի կիլոմետրից այն կողմ որեւէ հավակնություն չունի. Լիլիթ Մինասյան
Ռումինիայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 31-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտ...