Տպել
17.03.2016
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային ավտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
1 / 3

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մարտի 17-ին հանդիպել է Կանադայի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության եւ ուղղիչ ծառայությունների փոխնախարար Մեթյու Թորիգյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Կորյուն Նահապետյանը նշել է, որ հայ-կանադական հարաբերություններն ակտիվ զարգանում են տարբեր բնագավառներում, այդ թվում նաեւ խորհրդարանական ձեւաչափով:

Կորյուն Նահապետյանը ողջունել է այն փաստը, որ Հայաստանի եւ Օնտարիո նահանգի ոստիկանական համակարգերի միջեւ երկարատեւ համագործակցության հիմք է դրվում: Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը, մասնավորապես ոստիկանության ոլորտում: Նա կարեւորել է սահմանադրական բարեփոխումների արդյունքում ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ամրապնդումը:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ վերջին 5 տարիների ընթացքում ոստիկանության համակարգում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում, սակայն դեռեւս կան խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան հատկապես սահմանադրական փոփոխություններից հետո: Ոստիկանության բարեփոխումներում հանձնաժողովի նախագահն առանձնացրել է հանցավորության դեմ պայքարում արդյունավետության բարձրացման, համայնքային ոստիկանության համակարգի ներդրման եւ կատարելագործման, ոստիկանության կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ու ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությունները: Համակարգում առկա խնդիրների շարքում կարեւորվել է ոստիկանության հանդեպ հանրային վստահության բարձրացումը: Նա նշել է, որ հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում նպաստում է վերոնշյալ խնդիրների լուծմանը:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Կանադայի ոստիկանական համակարգերի միջեւ փորձի փոխանակումը եւ ոստիկանական կադրերի վերապատրաստմանն ուղղված գործնական ծրագրերը: Քննարկվել է նաեւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ Օնտարիո նահանգի օրենսդիր իշխանության համապատասխան հանձնաժողովի միջեւ հնարավոր համագործակցության նախաձեռնությունը:

Մեթյու Թորիգյանը եւ պատվիրակության մյուս անդամները ներկայացրել են ոստիկանության համակարգի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության, համայնքային ոստիկանության կազմակերպման կանադական փորձը: Անդրադարձ է կատարվել համայնքային ոստիկանության աշխատանքներում հանրության տարբեր շերտերին ներգրավվելուն ուղղված միջոցներին, ոստիկանության գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովմանը, հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանը վերաբերող հարցերի: