Տպել
25.03.2016
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը մարտի 25-ին հանդիպել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ներկայացուցիչներ Հերիքնազ Տիգրանյանին, Սոնա Այվազյանին եւ Ոչ առեւտրային իրավունքի կազմակերպությունների եվրոպական կենտրոնի ներկայացուցիչ Էսթեր Հարթեյի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթին, ներկայացրել որոշ դրույթների վերաբերյալ իրենց առաջարկները, որոնք վերաբերում էին հասարակական կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքին, կամավորների վերաբերյալ հոդվածին, դատարան դիմելու հնարավորությանը, ինչպես նաեւ հասարակական կազմակերպություններ ստեղծելու սահմանափակումներին:

Էլինար Վարդանյանը տեղեկացրել է, որ առաջարկները հանձնաժողովում քննարկվել են: Ըստ հանձնաժողովի նախագահի` հանձնաժողովի անդամների կարծիքով եւս մի շարք դրույթներ խնդրահարույց են եւ հստակեցման կարիք ունեն: Շնորհակալություն հայտնելով առաջարկների համար՝ Էլինար Վարդանյանը նշել է, որ պատրաստակամ են եւս մեկ անգամ քննարկելու՝ արդյունքում ունենալու համար այնպիսի փաթեթ, որն ընդունելի կլինի հասարակական կազմակերպությունների կողմից եւ կնպաստի նրանց գործունեությանը: