Տպել
29.03.2016
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Կանանց լիդերության դպրոցի շրջանավարտների հետ
1 / 4

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 29-ին հանդիպել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Կանանց լիդերության դպրոցի շրջանավարտների հետ, ովքեր պետական հաստատությունների, հայաստանյան մի շարք ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների անդամներ են:

Ողջունելով շրջանավարտներին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարեւորել է Կանանց լիդերության դպրոցի դերը կին քաղաքական գործիչների կայացման եւ հասարակական-քաղաքական կյանքում նրանց ունեցած դերակատարության հարցում եւ ներկայացրել իր պատկերացումները քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության անհրաժեշտության մասին: Կարեւորելով մեր երկրի քաղաքական գործընթացներին կանանց մասնակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը՝ տիկին Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ այդ պարագայում քաղաքական-հասարակական կյանքն առավել ամբողջական է դառնում: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ ղեկավարությունը մշտապես բարձր է գնահատել կանանց դերը վերոնշյալ գործընթացներում:

Շնորհավորելով եւ հաջողություն մաղթելով շրջանավարտներին՝ ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ նրանք իրենց գիտելիքներով, փորձով եւ աշխատասիրությամբ լուրջ դերակատարում կարող են ունենալ մեր երկրի զարգացման հարցում:

Շրջանավարտներն իրենց երախտիքի խոսքն են հայտնել Կանանց լիդերության դպրոցի ղեկավարությանը? նշելով, որ դասընթացների շնորհիվ իրենք ձեռք են բերել քաղաքական գործընթացներին մասնակցության համար անհրաժեշտ գիտելիքներ, փորձ ու հմտություն:

Հանդիպման ավարտին տիկին Նաղդալյանը Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի խնդրանքով Կանանց լիդերության դպրոցի 36-րդ հոսքի շրջանավարտներին է հանձնել ավարտական վկայականները` հույս հայտնելով, որ ուսման ընթացքում ստացած գիտելիքները կօգտագործվեն ի նպաստ հայրենիքի: