Տպել
10.05.2016
Ֆրանսիայում կայացել է ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների նիստը
1 / 1

Մայիսի 2-4-ը Կապ Բրըտոնում (Ֆրանսիա) տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների նիստը, որին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը: Նշենք, որ նիստին մասնակցում էին 15 երկրների պատվիրակություններ:

Նիստի ընթացքում Ֆրանսիայի սեկցիան ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի տարածքում տնտեսական համագործակցությանը նվիրված 2-րդ ֆորումի աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ ներկայացվել է ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի կողմից Վարշավայի համալսարանում իրականացված ծրագրի եզրափակիչ զեկույցը: Տարբեր հարցերի վերաբերյալ Մարգարիտ Եսայանը հանդես է եկել ելույթով, որի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմին, ադրբեջանական զինուժի կողմից կատարված վայրագություններին, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վրա դրա ունեցած հետեւանքներին: Հատուկ ընդգծվել է ԼՂ մասնակցությամբ բանակցությունների վերսկսման եւ, առհասարակ, Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչման անհրաժեշտությունը: Տիկին Եսայանը կոչ է արել նաեւ հասցեական դարձնել հրադադարի խախտման մեղավորներին եւ պատերազմական գործողություններ հրահրողներին ուղղված քննադատությունները, ինչը կզսպեր ադրբեջանական կողմին եւ կստիպեր վերադառնալ հակամարտության կարգավորման քաղաքական ուղի:

ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի նախագահ Ժան-Պոլ Վահլը կարեւորել է նման ելույթները եւ այդ թեմայով քննարկումները՝ նշելով, որ հակամարտությունների կանխարգելումը եւ կարգավորումը, խաղաղության ամրապնդումը, ի թիվս այլոց, մաս են կազմում Ֆրանկոֆոնիայի հռչակած նպատակներին եւ առաքելություններին: Նա առաջարկել է ելույթը փոխանցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողով: