Տպել
17.05.2016
Արտակ Դավթյանը հանդիպել է գերմանական պատվիրակության անդամների հետ
1 / 1

Մայիսի 17-ին Գերմանիայի Բունդեսթագի Ձախերի կուսակցության պատգամավոր Ուլլա Ելպքեին, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերին եւ Համբուգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլիին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը:

Արտակ Դավթյանը, ողջունելով պատգամավորների այցը Հայաստան, անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության երկու առաջնահերթ հիմնահարցերին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդրին եւ ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումներին:

Այս համատեքստում Արտակ Դավթյանը կարեւորել է Բունդեսթագում առաջիկա հունիսին սպասվող Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ բանաձեւի քննարկումը:

Գերմանացի պատգամավորները կարեւորել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններին, տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականությանը:

Պատվիրակության անդամ, ազգությամբ թուրք Հասան Բուրգուջօղլուն հույս է հայտնել, որ կգա այն ժամանակը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչն էլ հետագայում կբացառի ցեղասպանությունների կրկնությունը: